Նախախնամության մա՞տն է խառը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍԸ՝ ՄԵՏԱՂԱՋԱՐԴՈՆԻ ՀԱՐՈՒՍՏ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ

Տարիներով կառուցվող և Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մեծադղորդ նպատակները, երևում է, այնքան արագ չեն իրականանում: Այն հանդիսավորապես բացվեց այս տարվա հոկտեմբերի 30-ին:
 
Այդ օրը Թուրքիան ու Ադրբեջանը երևի մի լավ չարախնդացին, որ կարողացել են Հայաստանին վնաս հասցնող ծրագիր իրականացնել: Մեր հավատակից ու դրկից Վրաստանն էլ ծառայամտորեն ողջունեց իրեն շրջապատող թրքացեղ առաջնորդներին ու գոհ եղավ, որ նրանց ջրաղացին իր լցրած առատ ջրերից իրեն էլ մի քիչ բաժին կհասնեն:
 
Բայց երևում է՝ Վրաստանում բոլորին չէ, որ դա դուր է գալիս: «Sputnik Վրաստանը» փոխանցել է այդ երկրի Ներքին գործերի նախարարության հայտարարությունը, թե Նինոծմինդայում ձերբակալել են երեք մարդու, ովքեր նոյեմբերի 21-ին երկաթգծի Մարաբդա-Կարծախ հատվածում ռելսեր են գողացել: Ընդ որում՝ ռելսերի բացակայությունը միայն երեկ է հայտնաբերվել: Նշվում է, որ ձերբակալվածներն աշխատել են «Դեմիրիոլ սերվիս» ընկերությունում, որին էլ պատկանում են Մարաբդա-Կարծախ հատվածի երկաթուղային ռելսերը: Գողոնն առգրավվել է որպես ապացույց:
 
Երկաթգիծը շարքից հանողների ազգային պատկանելության մասին ոչինչ չի նշվում, նաև այժմ դժվար է ասել՝ դա քաղաքակա՞ն, թե՞ «տնտեսական» նպատակով է արվել: Ինչպես էլ եղած լինի, սա մի տեսակ խորհրդանշական իմաստ է ստանում ու կարծես ազդարարում՝ մինչև Հայաստանն իր պատմական հայրենիքի քաղաքներից մեկի անունով ավարտվող այս նոր երկաթգիծը չօրհնի, այն իր ներկայիս տերերին ոչ մի հաջողություն չի բերելու: