Պատճառը վերացնելու փոխարեն հետևանքների հետևից են ընկել

Այսօր մարդկության արժեքային համակարգում երևի առաջին տեղում շահույթ ստանալու մոլուցքն է: Դրան են ձգտում թե՛ փողոցում մուրացող տնանկը, թե՛ բյուրավոր միլիարդների հետ խաղացող պատություններն ու նրանց օլիգարխ քաղաքացիները: Իսկ ցանկալի շահույթին հասնելու համար ամենից հաճախ հարկ է լինում օրենք խախտել, պայմանավորվածություններ շրջանցել, անգամ հանցանք գործել:
 
Այդ ամենի դեմ որոշ պայքար տարվում է, ու հենց դրա շրջանակում Եվրամիությունը հրապարակել է օֆշորային երկրների սև ցուցակը: Դրանք այն երկրներն են, որոնք խուսափում են ԵՄ-ի հետ համագործակցել հարկային հաշվետվությունների ոլորտում: Լրատվամիջոցները  հաղորդել են, որ ցուցակում ընդգրկված է 17 երկիր, որոնցից շատերի ափամերձ տարածքներում օֆշորային գոտիներ են առկա:
 
Ցանկում ներառված են Արևմտյան Սամոան, Բահրեյնը, Բարբադոսը, Գրենադան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պալաուն, Պանաման, Սենտ Լյուսիան, Սամոան, Տրինիդադ և Տոբագոն, Թունիսը, Հարավային Կորեան:
 
Ֆրանսիայի արտգործնախարար Բրյունո լը Մերը հայտնել է, որ կազմվել է ցուցակը Եվրամիության այնպիսի երկրների, որոնց կառավարությունները  հարկերից խուսափելու դեմ բավարար աշխատանք չեն տանում: Այդ երկրները կարող են զրկվել ԵՄ հիմնադրամներից օգտվելու հնարավորությունից: Նրանց դեմ կիրառվելիք այլ միջոցներ դեռևս պետք է մշակվեն: 
 
Եվրամիությունը հրապարակել է նաև մի փոքր բաց երանգավորումով ցուցակ: «Գորշ» ցուցակը ներառում է 47 երկիր, որոնց հարկային օրենքները ԵՄ-ի չափանիշներին չեն համապատասխանում և պետք է վերանայվեն: 
 
Թե նման ցուցակներն ու վականիշային աղյուսակները որքանո՞վ են նպաստում, որ դրանց թիրախավորած իրավիճակը շտկվի՝ հայտնի չէ: Այն, ինչ տեսանելի է առանց մանրազնին քննության ու վերլուծության, հաստատում է, որ վերը նշված երևույթներն օրեցօր ահագնանում ու առավել վտանգավոր են դառնում: Ու դրանք են աշխարհում այսօր մոլեգնող պատերազմների, բռնությունների, ամենաբազմազան ողբերգական իրադարձությունների գլխավոր պատճառները:  
 
Քանի դեռ մարդու միտքը, նպատակը, գործունեությունն ու փոխհարաբերությունները միտված են ամեն ինչից սոսկ շահույթ ու անձնական վայելք պոկելուն, ոչինչ չի շտկվելու: Իսկ Եվրամությունն ու մյուս միջազգային կառույցները պատճառը թիրախավորելու փոխարեն, փորձում են հետևանքները վերացնել: Դու այստեղ մի հետևանք կշտկես, իսկ այնտեղ բարգավաճող պատճառը նոր հետևանք կստեղծի: Դե արի ու հեղեղի դեմն առ: Հնարավոր չէ: