Երեք օր հանգստացիր, որպեսզի չորս օր եռանդով աշխատես

Ամերիկյան ատոմագիտության հպարտություն Ռեզերֆորդի մասին մի զրույց է տարածվել: Ասում են՝ մի անգամ նրա ուշադրությունը գրավում է իր փորձարանի աշխատակիցներից մեկը, որն այդ օրն անընդհատ նրա տեսադաշտում էր հայտնվում: Ամեն անգամ գիտնականը նրան հարցրել է, թե ինչով է զբաղված, նա էլ գործնական տեսքով պատասխանել է, թե աշխատում է: Արդեն ուշ երեկոյան նույնպես աշխատակցից նույն պատասխանը ստանալով՝ Ռեզերֆորդը բարկացել է.
 
- Իսկ դու երբևէ մտածում է՞լ ես, թե՞ միայն աշխատելով ես զբաղվում: 
 
Այսինքն, մարդը չի կարող արդյունավետ աշխատել, եթե մտածելու, ծանրութեթև անելու, նաև հանգստանալու համար ժամանակ չի գտնում:
 
Երևում է՝ այս պարզ ճշմարտությունը մեր օրերում լավ են հասկացել Բելգիայի նման բարգավաճ երկրում: «Եվրոմագ»-ը լուր է տարածել, թե այնտեղ անցնում են քառօրյա աշխատանքնային շաբաթվա: Սրա նախաձեռնողը Բելգիայի սոցիալիստական կուսակցությունն է: Նրա նախագահ Էլիո դի Ռուպոն պարզաբանել է, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը հնարավոր է դարձել թվային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք նշանակալի չափով նվազեցրել են աշխատանքի ծավալը:    
 
Բարձր տեխնոլոգիաների ներմուծումը Բելգիային գործազրկությամբ չի սպառնում, այլ ընդհակառակը՝ կարող է նպաստել դրա կրճատմանը: Համենայնդեպս, օրինագծի հեղինակն այդպես է մտածում. 
 
- Մեր երկրում գործազրկության ցուցանիշները դեռևս բարձր են: Այստեղ 490 000 գործազուրկ է գրանցված: Եթե մենք կրճատենք աշխատանքային ժամաքանակը, կհաջողվի կրճատել նաև գործազրկության չափը,- ասել է դի Ռուպոն:
 
Իսկ քառօրյա աշխատանքային շաբաթվա նախատեսվում է անցնել աստիճանաբար և բոլոր հաստատությունների  յուրահատկությունները հաշվի առնելով:
 
Երբ Խորհրդային Միությունը աշխարհի քարտեզից վերացավ, և մենք դարձանք անկախ պետություն, հնգօրյա աշխատանքային շաբաթը մեր իրականությունն էր: Հայաստանում նույնպես աշխատանքային շաբաթվա փոփոխությունն աստիճանաբար եղավ, սակայն միանգամայն հակառակ ուղղությամբ: Թերևս հեռու չէ այն օրը, երբ որոշ գործատուներ, շահի հետևից ընկած՝ աշխատողներից կպահանջեն շաբաթն ութ օր աշխատել: Մենք հնարամիտ ազգ ենք, դա էլ հնարավոր կդարձնենք: