Շահույթ` մեր հաշվին, բայց առանց մե՞զ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱԼԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին գազի ոլորտում համագործակցության հարցով պայմանավորվածություն են ձեռք բերել:
Համապատասխան հուշագիրը «Գազպրոմ»-ը և Իրանի նավթային ազգային ընկերությունը ստորարգրել են մարտի 28-ին երկու նախագահների հանդիպման ժամանակ: «Գազպրոմ»-ը մտադիր է Հայաստանի Հրազդան ՋԷԿ-ում մշակված էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ:
Նորությունը, իհարկե, դրական է, բայց նաև՝ փոքր-ինչ  մտահոգիչ  ու մտածելու տեղիք տվող:  
 
Դրականն այն  է, որ  սրանով Հայաստանի՝ որպես խաչմերուկ ու տարանցիկ երկրի դերն  է ընդգծվում: Երկրորդ` որքան կայուն լինեն  այս էներգահամակարգերը, որոնք հարկատու են ՀՀ-ին, այնքան լավ մեզ համար, չնայած թե՛ Հրազդան ՋԷԿ-ը, թե՛ «Գազպրոմը» ռուսական  ընկերություններ են: 
 
Սակայն ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ է ասվում, Հայաստանի տարածքում Հրազդան ՋԷԿ-ի շնորհիվ մեծ շահույթներ ակնկալող  երկու պետությունները  հուշագիրը ստորագրել են` առանց Հայաստանի ներկայության ու մասնակցության:  
 
Այս խնդրի բարոյական կողմից զատ՝ որքան էլ ուրախալի լինի ռուսական  կապիտալի «էքսպանսիան», պետք  է  գոնե հիմա մտածենք  այլընտրանքի` եվրոպական կապիտալի, տեղի ներդրողների ներուժը Հայաստանի համար օգտագործելու մասին: Ի վերջո, ոչ իր կամքով պատերազմական իրավիճակում հայտնված մեր երկրի տնտեսական ու  քաղաքական  ոլորտներում այլևս անհետաձգելի անհրաժեշտություն է  ուժերի բալանսավորումը: