Մրից ելան՝ մրջուրն ընկան

Որքան էլ ՌԴ Պետդումայի մշտամնա պատգամավոր և նախագահական բոլոր ընտություններին ՌԴ նախագահի թեկնածու Վլադիդմիր Ժիրինովսկուն անլուրջ մարդ ու պատեհապաշտ համարենք, երբեմն նա ասում է բաներ, որոնք ուշադրության արժանի են: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն այս անգամ ուշագրավ մտքեր է արտահայտել Եվրոպայում պատերազմ ծագելու պարագայում մերձբալթյան երկրներին սպառնացող վտանգների մասին:
 
Ժիրինովսկին այս մասին խոսել է «Sputnik Լիտվա»-ի տված հարցազրույցում: Իսկ նրա ասածը ոչ այնքան կանխատեսում է, որքան՝ սպառնալիք:
 
- Այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգեր կտեղակայեն, եվրոպական մեծ պատերազմի պարագայում, հնարավոր է, ոչնչացվեն: Որովհետև ոչ մեկը չի հանդուրժի, որ այդտեղից Ռուսաստանին ուղղակի վտանգ սպառնա,- հայտարարել է Ժիրինովսկին:
 
ՌԴ նախագահի հավերժական թեկնածուն նշել է, որ Մերձբալթյան երկրները կարող են դրանից խուսափել՝ իրենց տարածքներից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելով և չեզոք դիրք գրավելով:  
 
- Մերձբալթյան երկրների իշխանությունները, Լեհաստանը, Ուկրաինան իրենք են պահանջում, որ իրենց մոտ ավելի շատ ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայված լինեն: Սակայն որտեղ զորքեր կան, այնտեղ կարող է նաև պատերազմ լինել: Իսկ երբ պատերազմ է լինում, իհարկե, լինում է նաև ռմբակոծություն և դիմակայող խմբավորումների փոխադարձ ոչնչացում,- նախազգուշացրել է Ժիրինովսկին:
 
Նա հիշեցրել է, որ այդ երկրներում հարձակողական զենքեր են տեղակայվում, և հնարավոր է՝ նրանց առաջ ՌԴ-ի վրա հարձակվելու խնդիր է դրված: Մանավանդ, այնտեղ արդեն «զորավարժությւններ են իրականացվում և մշակվում են ՌԴ բնակչության հետ աշխատելու եղանակներ»:
 
Որ կայսրապետական անհագ ծարավը Ռուսաստանին հանգիստ չի տալիս, և նա ձգտում է ծավալվել ու տարածվել՝ վաղուց է հայտնի: Ու երևի հենց այդ ծարավն էլ այսօր նրա դեմ է հանել եվրոպական բոլոր երկրներին, որոնք 20-րդ դարի մի մեծ հատվածում նրա ազդեցության ոլորտն էին համարվում: Իրենց այդ ազդեցությունից ազատագրված համարվելով՝ այդ երկրներն ըստ էության ապավինում են ՆԱՏՕ-ի զինուժի զորությանը: 
 
Սակայն Ժիրինովսկու խոսքերի տրամաբանությունից բխում է, որ ՆԱՏՕ-ն կարող է նրանց պարզապես օգտագործել, որպեսզի կարողանա հնարավորինս քիչ կորուստներով հաղթել իր վաղեմի թշնամիներին: Իսկ նշված երկրների բնակչության ու տնտեսության կորուստները նա երևի իրենը չի համարում: Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում՝ մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը, մյուսները, մրից ելել, մրաջրո՞ւմ են հայտնվել: