Խիզախ փղիկը քշել է կոկորդիլոսներին

Զիմբաբվեի ազգային արգելոցներից մեկում նկարահանված տեսահոլովակը ցուցադրում է շատ խիզախ երիտասարդ փղի, որը կոկորդիլոսներից չի վախեցել:

Տեսանյությում երևում է արգելոցի ոչ այնքան մեծ ջրամբարը, որտեղ փղեր են լողանում: Բայց այն գրավում է նաև հսկայական ջրային գիշատիչների ուշադրությունը: Փղիկը, սակայն, որոշում է, որ կոկորդիլոսներն այնտեղ անելիք չունեն:
Նա նետվում է դեպի անկոչ հյուրերը, սողուններն էլ ավելի լավ են համարում  այդ խոշարամարմին չարաճճիի հետ գործ չունենալ ու թաքնվում են ջրի մեջ: Իսկ ձագուկը վազում է ավագների մոտ, որպեսզի նրանց հավանությունը ստանա:

Երևի մեծահասակ փղերի դառը փորձը նրանց թույլ չէր տա կոկորդիլոսի սարսափը հաղթահարել ու իրենց տարածք ներխուժելու համար գիշատիչներին վրա քշել: Իսկ ահա նորելուկ փղիկի հիշողությունը նման սարսափներով կաշկանդված չէ, ու գուցե հենց դրա շնորհիվ էլ խոտակերի բնազդը նրան չի խանգարել: Հաղթել է խիզախությունը` ապացուցելով, որ կարծրացած, դարն ապրած ու վնասակար գործելակերպի վնասները կարելի է միանգամից չեզոքացնել:

Հայտնի չէ` մեծահասակ փղերը ձագուկի այդ անխոհեմ արարքը խրախուսե՞լ են, թե՞ ոչ: Փղերի համար դա գուցե բացառություն էր, իսկ ահա մարդկանց աշխարհում այնքան շատ է պատահում, որ անխոհեմ թվացող խիզախությունը փրկություն է բերում բազմաթիվ մարդկանց, թույլ չի տալիս, որ հայրենիքը դառնա օտար ներխուժումների ասպարեզ…