Էրդողանի գլխին նոր ամպեր են կուտակվում

Ֆինանսական խնդիրները «խոսքները» մեկ են արել, որպեսզի Թուրքիայի նախագահ Էրդողանին սուլթանական աթոռից զրկեն: Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ պատասխանելով ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քիլըչդարօղլուի մեղադրանքին (թե Էրդողանը օֆշորային տարածքներում միլիոնավոր դոլարներ ունի)` նա ասել էր.

- Եթե դա ապացուցվի, ես մեկ րոպե էլ  չեմ մնա նախագահի  պաշտոնում:

Այժմ էլ Էրդողանին ԱՄՆ-ի տեսանկյունից աններելի հանցանքի համար մեղադրող հոդված է հրապարակել հանրահայտ «Ֆայնենշլ թայմս»-ը: Պարբերականը լուսաբանել է ԱՄՆ-ում ձերբակալված Թուրքիայի քաղաքացու գործը, որի ինքնախոստովանական ցուցմունքները «ծանր կացության մեջ են դնում» Թուրքիայի նախագահին:

Խոսքը խոշոր գործարար Ռզա Սարաֆի մասին է: Նա ծագումով Իրանից է և ԱՄՆ-ում մեղադրվում է ամերիկյան պատժամիջոցներն արհամարհմելով` Իրանի տնտեսությանն աջակցելու փորձերի, ապա նաև «կեղտոտ փողերի» լցավման նպատակով անօրինական հիմնադրամներ ստեղծելու համար: Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին:

Սարաֆը խոստովանել է, որ Չաղլայանի հետ կապ ունեցել է և նրան շուրջ 50 մլն եվրո կաշառք է տվել: Նմանատիպ գործարքների մեջ է գտնվել նաև Թուրքիայի պետական «Հալքբանկի» ղեկավարության հետ:

Դատական առաջին իսկ լսման ընթացքում Սարաֆը հայտնել է, որ իրենք Թուրքիայից Իրան են արտահանել ոսկի և սննդամթերք` հաճախ որպես միջանցիկ տարածք օգտագործելով Դուբայի շուկան: Բոլորովին վերջերս տեղի ունեցած երկրորդ դատական նիստի ժամանակ էլ խոշոր գործարարը հայտարարել է, որ Իրանի հետ կապված բոլոր գործարքների մասին հրամաններն ինքը ստացել է անձամբ Էրդողանից: Իսկ տվյալ ժամանակահատվածում Էրդողանը Թուրքիայի վարչապետն է եղել:

ԱՄՆ-ը Էրդողանին երևի ամեն ինչ կների, բացի հենց այս մեկից` շրջանցել իր սահմանած պատժամիջոցները և նպաստել Իրանի բարգավաճմանը: Չէ՞ որ նույնիսկ այդ պատժամիջոցները մեղմացնելուց հետո Միացյալ Նահանգները դրա հետ ոչ մի կերպ չի հաշտվում և ամեն հարմար առիթով կրկնում է, թե հարկավոր է նորերն ավելացնել:

Խոստովանությունը խոստովանություն, սակայն դատարանը դա դեռևս պետք է ապացուցի: Իսկ եթե իրոք ապացուցվի` գուցե Էրդողանի խոստում-երդումն իրոք կատարվի, սակայն այս անգամ ոչ թե սեփական կամքով, այլ ամերիկյան թելադրանքով: Ասենք` մի նոր հեղաշրջման փորձ կամ դրա նման մի բան: