Սադրանքի դեմ` սադրանք

Լարը, որը խորհրդանշում է Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի հավանականությունը, շարունակում է ձգվել ու բարակել: «Հվասոն-15» հյուսիսկորեական բալիսիտիկ հիթիռի արձակմանը հետևում են Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները` նախատեսված դեկտեմբերի 4-8-ը:

Հարավկորեական YTN ալիքի հաղորդմամբ` «Աչալուրջ վարպետ» (Vigilant ACE) անունով հայտնի ամենամյա զորավարժություներին կմասնակցի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ավելի քան 230 ինքնաթիռ` այդ թվում և F-22 և F-35 մակնիշների։ Այս անգամվա համար կողմերը նախատեսել են յուրացնել մի սցենար, ըստ որի կետային հարվածներ են հասցվելու ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային հենակետերին` ներառյալ հյուսիսկորեական հրթիռները տեղափոխող քարշակները։

Սեփական հրթիռային փորձարկումը մի կողմ թողնելով` պաշտոնական Փհենյանը միջուկային պատերազմի իսկական սադրանք է համարել իր հակառակորդ այս երկու երկրների զորավարժությունը: Կիրակի այնտեղից հայտարարություն է հնչել, թե այդ զորավարժությունները միջուկային պատերազմ սկսելու մեծ վտանգ են պարունակում: Հայտարարության տեսքտը հրապարակել է «Նորդոն սինմուս»-ը, որը Հյուսիսասյին Կորեայի աշխատանքային կուսակցության պաշտոնաթերթն է:

- Դա ԿԺԴՀ-ի դեմ անթաքույց համապարփակ սադրանք է, որը կարող է ցանկացած պահի հանգեցնել միջուկային պատերազմի: ԿԺԴՀ-ի դեմ ուղղված զորավարժությունները կլինեն նույնքան անմիտ, որքան սեփական ինքնասպանությունը սադրելը,- նշվում է հրապարակման մեջ։

Ժողովուրդն ասում է` որտեղ բարակ է, այնտեղ կկտրվի: Դեռևս որքա՞ն առաձգականություն ունի միջազգային հարաբերությունների այս մեկ լարը և որքա՞ն կդիմանա անվերջ լարումներին` թերևս ոչ ոք չի կարող ասել: Սա այնպիսի մեծություն է, որը ժամանակակից գիտությունը դեռևս չի սովորել չափել:

Միայն ակնհայտ է, որ անվերջ պրկվող լարը մի օր կտրվելու է: Իսկ եթե այդ լարը մազե կամուրջ է` ձգված Տարտարոսի վիհի վրայով, կամրջին էլ ամբողջ մարդկությունն է ապաստանել, ապա ինչո՞ւ չի երևում այն ձեռքը, որը կթուլացնի ձգվածությունը և կփորձի խելքի բերել մարդկության ճակատագրի հաշվին ինքնահաստատվել փորձող անմիտներին: