Ահաբեկչին կոչել ահաբեկիչ, իսկ ազատագրողին` ազատագրող

Ահաբեկչությունը մեր ժամանակներին ամենաբնորոշ մարտահրավերներից է: Բայց թե ի՞նչ պետք է հասկանալ ահաբեկչություն, ահաբեկչական խմբավորում ասելով` այնքան էլ հստակ տարորոշված չէ:

Եթե գողացված, անօրինական ճանապարհներով ձեռք բերված զենքերով մահ ու ավերածություն սփռող նույն խմբավորումը մի պետության կողմից կարող է ահաբեկչական ճանաչվել, մեկ ուրիշը նրանց կհամարի ապստամբության իրավունքից օգտվող արդար պայքարի մարտիկներ: Եվ հակառակը` հանուն ազատագրության ու արդարության բռնատիրությունների դեմ պայքար մղողը կարող է դասվել արյունարբու ահաբեկիչների շարքը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ելքը, բնականաբար, ահաբեկիչներին ճշգրտորեն սահմանելն է, իսկ իրականում ազատագրական պայքար մղողներին ահաբեկիչներ հռչակողներին` ահաբեկիչներին հավասար դասելը: Ցավալի է, սակայն կեղծ տեղեկատվության ու փաստերն անամոթաբար խեղաթյուրելու մեր օրերում սա գրեթե անլուծելի խնդիր է:

Մի կառույց համարձակություն է ունեցել այս հարցում որոշակի պարզություն մտցնել:  Բելառուսի մայրաքաղաքում երեկ գումարված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովում կազմվել է ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ:

Տեղեկությունը լրագրողներին է հաղորդել հյուրընկալ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: Նա ցավով նշել է, թե այսօրվա աշխարհում որոշ պետություններ ու կազմակերպություններ ահաբեկիչներին բաժանում են լավի ու վատի և ասում, թե վատերի դեմ պայքարում պետք է համագործակցել լավերի հետ:

- Լավ կամ վատ չի լինում: Կա ահաբեկչության վտանգ, որի դեմ պետք է պայքարել: Ի տարբերություն տարածաշրջանային միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ-ում գոյություն ունի տեսակետների բացարձակ միասնականություն` կապված նոր մարտահրավերների և վտանգների դեմ պայքարում սերտ գործակցության անհրաժեշտության հետ,- նշել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև տեղեկացրել է, թե գագաթնաժողովում ծրագրվում է ընդունել փակ բնույթի փաստաթղթերի շարք` ուղղված կազմակերպության ռազմական բաղադրիչին,  ռազմական գործընկերությանը: Ըստ Մակեյի` ՀԱՊԿ-ը կարող է այնպիսի կառույց դառնալ, որի հետ կարող են և պետք է հաշվի նստեն միջազգային հարթակներում:

Ու արդեն հարց է առաջանում, թե ահաբեկիչների միասնական ցուցակը կազմելիս որքանո՞վ են անաչառ ՀԱՊԿ երկրները: Օրինակ, Արցախ այցելելու մեղադրանքով Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Լապշինի կարգի մարդիկ ներառվե՞լ են: Կամ, ահաբեկչական խմբավորումների ցանկից դո՞ւրս են համարվել նույն Ադրբեջանն ու նրան մինչև ատամները զինող պետությունները:

Փորձը, ինչպես ասում են, փորձանք չէ, սակայն եթե մարդ ծրագրված փորձին լավ չնախապատրաստվի` փորձանք էլ կդառնա, իսկական աղետ էլ: