Ուղերձ՝ փոխանցված Քրիստոսի արձանի միջոցով

Բարեբախտություն է եղել, որ Իսպանայի եկեղեցիներից մեկում տեղադրված 18-րդ դարի փայտե արձանը վերանորոգման կարիք է ունեցել: Բուրգոս շրջանի Սոտիլյո դե լա Ռիբերա քաղաքում Քրիստոսին պատկերող արձանի վրա աշխատելիս վարպետները նրա ներսում թաքնված ուղերձ են հայտնաբերել:
 
Երեք դարի հեռվից մեզ հասած փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում ժամանակի տնտեսության, կրոնի, քաղաքականության, մշակույթի վերաբերյալ: Նկարագրված է, թե ինչպես է ընթացել կյանքը քաղաքում: 1777թ. թվագրությամբ թղթերն ստորագրել է Բուրգո դե Օսմա քաղաքի տաճարի քահանա Խոակին Մինգեսը: 
 
Ահա այսպես՝ ուղիղ 240 տարվա խորքերից մեր ժամանակներին է հասել իսպանական քաղաքի իրական պատկերը նկարագրող փաստաթուղթը: Երևում է՝ իսպանացի քահանան այնքան էլ չի վստահել գրի առնվող և փոխանցվող փաստաթղթերի հավաստիությանը, դրա համար էլ որոշել է յուրօրինակ թռիչք իրականացնել դարերի վրայով և իրականության պատկերը փոխանցել նոր ժամանակների մարդուն: 
 
Պատմաբանները, աստվածաբանները, մշակութաբանները թերևս կսկսեն ուսումնասիրել այդ տեղեկությունները, դրանք համեմատել վաղուց հայտնի փաստերի հետ, քննել ու վերլուծել: Նրանցից շատերը, անշուշտ, սովորականի նման անհավաստի կհռչակեն իրենց տեսություններին հակասող դրվագները, որպեսզի չխաթարեն արդեն ձևավորված պատմագիտական դոգմաները: Սակայն հնարավոր է՝ Քրիստոսի միջոցով 21-րդ դար հասած ուղերձում լինեն ճշմարտություններ, որոնք կստիպեն նոր հայացքով դիտարկել մարդու գործն ու առաքելությունը և առավել ապահվ դարձնել ապագան: