Քրդերը Թուրքիային հանգիստ չեն տալիս

Թուրքիան շարունակում է աշխարհի հետ խոսել սպառնալիքների լեզվով: Այս անգամ էլ Եվրամիությանը սպառնացել է սառեցնել փախստականների մասին պայմանագիրը, եթե Ժնևում Սիրիայի հարցով ընթացող բանակցություններին մասնակցեն նաև Սիրիայի քրդերը, մասնավորապես «Ժողովրդավարական ինքնապաշտպանական ջոկատներ» կազմակերպությունը: Թուրքիայի իշխանությունները նրանց ահաբեկիչներ են հռչակել:
 
Այս մասին խոսել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրըմը: Փախստականների մասին այս փաստաթուղթը, հիրավի, Թուրքիայի ձեռքին հայտնված հաջող խաղաթուղթ է, որն ամեն անգամ իրեն անհրաժեշտ պահերին թափահարում է ու դրա դիմաց դրամական միջոցներ ստանում Եվրոպայից: 
 
Ըստ երևույթին՝ Սիրիայի քրդերը Թուրքիայի համար ծանր երազ են դարձել, քանի որ այնտեղ նույնիսկ այդ թեմայով Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի մեկնաբանությունն էին աղավաղել: Պատճառը, իհարկե, վախն է արևմտյան տերությունների հովանավորությունը վայելող քրդական ուժերից, որոնք մասնատումով են սպառնում այսօր գոյություն ունեցող Թուրքիա պետությանը: Իսկ երբ մի խմբավորման, կազմակերպության կամ պարզապես խմբի ահաբեկիչ ես հռչակում, ինքնաբերաբար իրավունք ես ստանում նրանց դեմ պայքարել հնարավոր բոլոր միջոցներով: 
 
Քրդերի դեմ պայքար Թուրքիան մղում է նաև իր տարածքներում: Դա է վկայում քրդաշատ Դիարբեքիրի նահանգի 42 գյուղերում պարետային ժամ մտցնելը: Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե շրջանում ընթացող ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում անց է կացվելու հատուկ գործողություն, որի նպատակն է  հայտնաբերել և վնասազերծել լեռնային ու անտառային տարածքներում պատսպարված ահաբեկչական խմբերին, ոչնչացնել նրանց թաքստոցները, պահեստները և ՀՕՊ հենակետերը, առգրավել զենք-զինամթերքը: 
 
Նոյեմբերի 29-ից սկսված պարետային ժամը, ինչպես հայտարարվել է, կտևի այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի: 
 
Որ Թուրքիայում նաև բազմաթիվ ահաբեկիչներ են գործում՝ ոչ ոք չի կասկածում: Կասկածից վեր է նաև, որ թուրքական իշխանություններն այդ հանգամանքը կօգտագործեն՝ քրդերի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով:
Բայց եթե այստեղ ներկայացված քարտեզը ոչ թե պարզապես պանքրդական զառանցանք է, այլ մոտալուտ ծրագիր, ապա դրա դեմ պետք է որ շատերը միավորվեն. և առաջին հերթին՝ հայերս: