Ընկեր Կիմ Չեն Ընը դարձյալ բալիստիկ հրթիռ է փորձարկել

Երեկվա միջազգային լրահոսը հագեցած էր կանխատեսումներով, թե Հյուսիսային Կորեան մտադիր է բալիստիկ հրթիռ արձկել: Պարզվեց՝ դրանք դատարկ խոսքեր չէին: Նույեմբերի 29-ի գիշերը հրթիռն արձակվել է, իսկ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը դրան անձամբ է մասնակցել: Հրթիռն արձակվել է Կիմ Չեն Ընի հրամանով՝ ի պատասխան ամերիկյան կողմի «թշնամական քաղաքականության» (հաղորդել է «ՌԻԱ նովոստին»):
 
Հաղորդվում է, որ «Հվասոն-15» անունն ստացած հրթիռը 53 րոպեում անցել է 950 կմ տարածք և ընկել Ճապոնիայի ափերից 210 կմ հեռավորության վրա՝ Աոմորի վարչական միավորի մերձակայքում: Իսկ հյուսիսկորեական իշխանությունները հայտարարել են, թե հրթիռի արձակումը հարևան երկրների անվտանգության վրա բացասական ոչ մի ազդեցություն չի ունեցել:
 
- Անձամբ հետևելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը՝ ընկեր Կիմ Չեն Ընը այն բարձր է գնահատել՝ ասելով, որ այսօր պատմական հաջողություն է ձեռք բերվել երկրի միջուկային սպառազինությունն ավարտելու գործում,- նշված է հայտարարության մեջ:
 
Տվյալ հրթիռի հզորության հյուսիսկորեական գնահատականն է, թե այն կարող է թիրախներ խոցել ԱՄՆ ամբողջ տարածքում: «ՌԻԱ նովոստին» հրապարակել է այս գիշեր արձակված հրթիռի վերաբերյալ ռուս ռազմական փորձագետի կարծիքը: «Հայրենիքի զինանոց» հանդեսի գլխավոր խմբագիր գնդապետ Վիկտոր Մուրախովսկին նախ ասել է, որ Հյուսիսայի Կորեան մոտ ժամանակներս կարող է իր զինանոցն ապահովել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, որոնք ի զորու են միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած կետի:
 
- Իսկ եթե խոսելու լինենք այն մասին, թե այժմ ինչ տեսակի հրթիռ է փորձարկվել, ապա առայժմ դրա լոկ արտաքին բնութագրիչներն ենք տեսնում: Դժվար է միանշանակ պնդել՝ արձակվածը միջմոլորակայի՞ն հրթիռ է եղել, թե՞ պարզապես միջին հեռահարության: Սակայն ոչ ոք կասկած չունի, որ մոտ ժամանակներում ԿԺԴՀ-ն կարող է զինվել միջմոլորակային հեռահարության հրթիռներով,- համոզմունք է հայտնել ռուս փորձագետը:
 
Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան արդեն իսկ դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային հերթական փորձարկումը: Նման դատապարտումները, սակայն, չեն կարող Կիմ Չեն Ընին հարկադել, որ հրաժարվի իր միջուկային ծրագրերից: 
 
Թերևս միայն այդ երեք՝ ԿԺԴՀ-ի համար առավել թշնամական համարվող պետությունների հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը կարող է մոլորակն ապահովել սպասվող միջուկային սարսափից, սակայն հենց սա է, որ առայժմ միանգամայն անհնար է թվում: Կողմերը այնպես են իրար «ռմբակոծում» սպառնալիքներով ու վիրավորանքներով, որ դրա հենց միայն իներցիան հաղթահարելու համար գուցե տարիներ պահանջվեն: