Ինչ կտա Ժնևը խաղաղության կարոտ Սիրիային

ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Սիրիայի քրդերին: Նախագահ Դոնալդ Թրամփն իր խոստումը դրժել է ընդամենը երեք օր անց: Այս մասին գրել է «Սաբահ» թերթը:
 
Խոսքը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարության մասին է, թե Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն Էրդողանին խոստացել է Սիրիայի քրդերին այլևս չզինել (սրան «Ավանգարդը» ևս անդրադարձել է):
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրաքյան համարանիշներով բեռնատարները, որոնք տեղափոխել են 26 Humvee զրահամեքենա և ամերիկյան արտադրության այլ զրահապատ փոխադրամիջոցներ, նկատվել են Դեր Զորի և Շադդադիի սիրիական բնակելի կետերի մերձակայքում:
 
Խոստումը խախտելու վերաբերյալ թուրքական կողմի պնդումը իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Թեև Չավուշօղլուի հայտարարությունից հետո Սպիտակ տունը ստիպված է եղել խոստովանել, որ նման հեռախոսազրույց տեղի է ունեցել, սակայն նշվել է, թե ԱՄՆ-ի ղեկավարը ոչ մի պարտավորություն չի ստանձնել՝ սահմանափակելու Սիրիայի ժողովրդավարական ուժերին (ՍԺՈՒ) ցուցաբերվող ռազմական օգնությունը: Իսկ Պենտագոնը շատ անգամ է պաշտոնապես հայտարարել, թե նախկինի նման զինում է ՍԺՈՒ-ի քրդական ջոկատներին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Նշենք, որ սա մի կազմակերպություն է, որի զինված անդամները ընդդիմադիր դիրքորոշում ունեն և պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը:
 
Սիրիայի ընդդիմության խնդիրն այս օրերին նաև Գերմանիայում է արծարծվել: Այդ երկրի արտգործնախարարությունը ողջունել է Էր Ռիադում Սիրիայի ընդդիմադիրների պայմանավորվածությունը և Ասադին ու նրա դաշնակիցներին կոչ արել չձգձգել երկխոսությունն ընդդիմության հետ: Տարածված հայտարարության մեջ ասվում է.
 
- Մոտակա օրերին քայլ պետք է անեն Ասադը և նրանք, ովքեր նրան աջակցում են. առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Իրանը: Վարչախումբը չպետք է ինչ-ինչ պատճառներով ձգձգի ընդդիմության հետ ուղիղ բանակցությունները՝ Սիրիայի ապագայի վերաբերյալ: 
 
Դրա անհրաժեշտությունը ԳԴ ԱԳՆ-ն տեսնում է, քանի որ Սիրիայում դեռևս խաղաղ բնակիչներ են զոհվում, այդ թվում՝ երեխաներ: 
 
Երեկվանից Ժնևում մեկնարկել են միջսիրիական խորհրդակցությունները, և Սիրիայի կառավարության պատվիրակությունը պետք է այնտեղ ժամանի այսօր՝ նոյեմբերի 29-ին: Այս մասին տեղեկացրել են SANA գործակալությունը և Սիրիայի ԱԳՆ-ն: Սիրիայի ընդդիմությունն արդեն ժամանել է և հասցրել հանդիպում ունենալ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի հետ: 
 
Ահաբեկիչներից մաքրվող Սիրիայում, ինչպես երևում է, խաղաղությունը դեռևս շատ հեռու է, քանի որ ընդդիմության ձեռքին հսկայական զենք ու միջոցներ կան, իսկ արևմտյան տերություններն ամեն կերպ զինում ու աջակցում են նրանց: Թե ինչ կտա Ժնևյան հանդիպումը՝ կերևա դրա ավարտից հետո միայն: Մի բան է ակնհայտ. Սիրիական թնջուկի համար գորդյան թուր չի նախատեսվում, քանի որ մի հարվածով խնդիրը լուծելը շատերին կզրկի «պղտոր ջրերից», որտեղ նրանք իրենց բաժին «ձկներն» են որսում: