Իսլամական պետություններն իրենց կորուստներն են հաշվել
Պատերազմներից ու աղետներից հետո պետություններն անմիջապես սկսում են կորուստները հաշվել: Առաջին հերթին՝ մարդկային զոհերը: Ու որքան էլ զարմանալի է, համարյա միշտ նման կորուստների համար որոշակի ուժերից, գործիչներից, պատասխանատու անհատներից հաշիվ պահանջողներ չեն լինում: Բնական աղետների դեպքում միշտ չէ, որ մարդն է մեղավոր լինում, սակայն քանի դեռ սառնասիրտ մարդասպաններն են շարունակում անպատիժ մնալ՝ կորուստների ցուցակները շարունակելու են երկարել ու շերտ առ շերտ կուտակվել:
Ահա կորուստների մի նոր վիճակագրություն. իսլամական երկրներում վերջին 5 տարվա ահաբեկչական գործողություններից սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 200 հազար մարդ: DW-ի տեղեկացմամբ՝ Էր Ռիադում այս տվյալները հրապարակվել են Իսլամական ռազմական հակաահաբեկչական կոալիցիայի (IMCT) առաջին հանդիպման ժամանակ։ Նյութական վնասը, ըստ նույն հաղորդագրության, կազմել է 350 մլրդ դոլար: Ամենաշատ մարդկային կորուստները (70%-ից ավելին) բաժին են հասել իսլամ դավանող երկրներից չորսին՝ Իրաքին, Աֆղանստանին, Նիգերիային, Պակիստանին:
Իսկ ահա Թուրքիայում ոստիկանները հայտնաբերել են մի նկուղ, որտեղ կատարվածը նրանց պետք է որ հիշեցներ հարյուրամյա վաղեմությամբ դեպքեր:
«Հուրիեթը» հրապարակել է Ստամբուլի Արնավութքյոյ շրջանի շենքերից մեկի ներքնահարկում ամիսներ շարունակ կտտանքների ենթարկվող պակիստանցի համարյա 200 ներգաղթյալի պատմությունը: Այնտեղ նրանց պահել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվով խմբերը: Ներգաղթյալները պատմել են, որ իրենց խաբեությամբ են Թուրքիա բերել՝ խոստանալով օգնել, որ Հունաստան ու Իտալիա հասնեն: Հանցավոր խմբավորման անդամներն ամեն օր եկել են ու գումար պահանջել, հետո ծեծել ու խոշտանգել: Ոստիկանությունը նաև տեղեկացել է, որ նկուղում 15-ից ավելի ներգաղթյալներ ամիսների ընթացքում սովամահ են եղել:
Պատերազմներ, ահաբեկչություն, մարդկանց թրաֆիքինգ: Իսլամական պետություններն այս դեպքերում լոկ իրենց կորուստներն են հաշվել: Միայն թե անհանդուրժողականությունն ու դաժան վերաբերմունքը կյանքեր են խլում նաև մոլորակի մնացած պետություններում: Երբ կազմվի վերջին տարիների մարդկային ու նյութական կորուստների ամբողջական ցանկը, երբ թվաբանությունը հաստատի, որ կյանքից կամ տարրական պայմաններից զրկվել են միլիոնավոր մարդիկ, ովքե՞ր են դրա համար պատասխանատվություն կրելու:
Այսօր տիրող նման իրավիճակի մեղավորները իրենց դրանից լիովին ապահովված են զգում: Իսկ անպատժելիությունը, հայտնի փաստ է՝ նոր հանցանքների առատ աղբյուր է: