Երկուսից ո՞ր մեկը խոսքի տերը կլինի
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Էրդողանին խոստացել է այլևս զենք չմատակարարել Սիրիայի քրդերին, իսկ 2016թ. հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը վերանայել:
Թուրքական «Հուրիեթի» փոխանցմամբ` խոստումը տրվել է երկու նախագահների միջև տեղի ունեցած «չափազանց արդյունավետ և դրական» հեռախոսազրույցի ժամանակ, երբ «քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային մի շարք խնդիրներ ու զարգացումներ»:
Թուրքիայի ԱԳՆ-ի այս ոգևորված հայտարարությանը Վաշինգտոնից դեռևս չեն արձագանքել: Իհարկե, չի բացառվում, որ Սոչիում Իրանի և ՌԴ նախագահների հետ հանդիպման առիթով ԱՄՆ-ը խանդել է Թուրքիային և նման խոստումներով ցանկանում է նրա սիրտը շահել:
Գյուլենը, թերևս, կարող է ԱՄՆ-ի ձեռքին մի սովորական խաղաքարտ դառնալ, և նրան Էրդողանի դատաստանին հանձնելով` Թրամփը կկարողանա դիվանագիտական որոշ կնճիռներ հարթել: Մանավանդ` Թուրքիայի արդարադատության նախարարությունը Ֆեթուլլահ Գյուլենի ձերբակալելու և արտահանձննելու պահանջով հենց վերջերս է յոթ նոր թղթածրար ուղարկել ԱՄՆ: Ինչ մնում է Սիրիայի քրդերին, ապա անցյալ տարի Էրդողանը հայտարարել էր, թե այդ երկրում գործող քրդական ազգային զինված խմբավորումների հարցում Թուրքիան և ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ:
Բայց եթե անգամ Նահանգները Թուրքիայի խոստանա նրանց այլևս չզինել, դժվար է հավատալ, թե խոսքին հավատարիմ կմնա:
Իսկ Էրդողանն ինքը խոստում է տվել իր հպատակներին. խոստացել է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ինքը կամ իր ընտանիքը օֆշորային տարածքներում թաքցրած միջոցներ ունեն:
- Եթե Թայիփ Էրդողանը մեկ դոլար ունի, ապա դա պետք է ապացուցի: Եթե դա ապացուցվի, ես մեկ րոպե էլ չեմ մնա նախագահի պաշտոնում,- Էրդողանի խոսքերն է մեջբերել նույն «Հուրիեթը»:
Էրդողանն այս կերպ պատասխանել է ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե նախագահի մերձավոր շրջապատը օֆշորային հաշիվներում միլիոնավոր դոլարներ ունի:
- Ես այդ մարդուն հարցնում եմ` կա՞ն արդյոք ձեր մեղադրանքներն ապացուցող փաստաթղթեր: Եթե կան, դրանք հրապարակեք, և ես ինչ անհրաժեշտ է` կանեմ: Եթե դուք դա չանեք, կխոսոտովանեք, որ զրպարտել եք և ներողություն կխնդրեք,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն այսքանով չի բավարարվել. նա տեղեկացրել է, թե իր փաստաբանները Քիլըչդարօղլուի դեմ հայց են ներկայացրել և 1,5 մլն թուրքական լիրի բարոյական փոխհատուցում պահնաջել (350 հազ. դոլարի չափով):
Հիշենք, որ մի քանի տարի առաջ, երբ Էրդողանը նախընտրական քարոզարշավ էր ծավալել, նրա որդուն ու մերձավոր շրջապատին մեղադրում էին հսկայկան յուրացումների համար, սակայն ոչինչ հաստատել չկարողացան: Այս անգամ ևս, հավանաբար, ոչինչ չի ստացվի: Այնպես որ` Էրդողանի աթոռին այստեղից վտանգ չի սպառնում: