Գնացին ոտքով, հետ են գալիս բեռնատարներով
ԹՈՒՐՔԻԱ. ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԻՊ-ԱԿԱՆՆԵՐ, ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ, ԱՄԵՆՕՐՅԱ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրաքի իշխանությունների հաղորդումը, թե մտադիր են արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների 509 կանաց և 813 երեխաներին՝ Թուրքիայում որոշակի միջադեպերի տեղիք է տվել:
Այդ կանանցից 300-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ նրանց հարազատները Անկարա գալով՝ խնդրանքով դիմել են Թուրքիայի արտգործնախարարությանը, որպեսզի աջակցեն նրանց՝ Թուրքիա տեղափոխվել: Նրանք ցավով հայտնել են, թե ԻՊ-ի կազմում հայտնված իրենց դուստրերից ու քույրերից երկար ժամանակ լուր չունեն:
Թուրք լրագրող Էրթուղրուլ Օզքյոյքը «Հուրիեթի» էջերում սրա դեմ իր վրդովմունքն է արտահայտե՝ նշելով, որ Թուրքիայի համար ԻՊ-ականների վերադարձը շատ վտանգավոր է:
- Գնացին ոտքով, հետ են գալիս բեռնատարներով: Երբ գնում էին, վտանգավոր էին Սիրիայի համար, իսկ հետ գալուց հետո մեզ համար են վտանգավոր դառնում,-գրել է Հուրիեթե սյունակագիրը:
ԻՊ-ականների հարազատները, ինչպես երևում է հոդվածից, Անկարա են եկել «սև շորերով», ցանկացել են Մեջլիս մտնել, սակայն երբ դա նրանց թույլ չեն տվել, հավաքվել են ԱԳՆ-ի դիմաց:
- Ասում են՝ իրենց որդիներոից ու դուստրերից լուր չունեն: Բայց ներեցեք, երբ ձեր ամուսինները, որդիներն ու եղբայրները մարդկանց գլուխներ էին կտրում, եզդի կանանց սեքս ստրուկներ էին դարձնում, դուք որտե՞ղ էիք,-շարունակում է Օզքյոյքը:
Այս օրերին, երբ Թուրքիայում ամեն օր նորանոր խմբերի ձերբակալման հրամաններ են տրվում և գործողություններ իրականացվում (հենց երեկ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, 100 հոգու ձերբակալության նոր կարգադրագրեր են ստորագրվել), մարդասպանի ու ավազակի բարքերով հարյուրավոր իսլամիստների ու նրանց ուղեկիցների վերադարձը դժվար թե մարդկանց ուրախացնի:
Թուրքիայի կյանքում մեկ այլ բարդություն էլ քրդական շարժումներն են առաջացնում: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը, demokrathaber.org-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Թուրքիան հարկադրված կլինի հաշվի նստել Սիրիայի քրդերի հետ և բարիդրացիական հարաբերություններ կառուցել՝ եթե չի ցանկանում խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ:
Խոսելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հաճախակի դարձած ռուսաստանյան այցերի մասին՝ քրդամետ գործիչն ասել է.
- Եթե չես ցանկանում ամիսը երեք անգամ Ռուսաստան մեկնել, պետք է լավ հարաբերություններ պահպանես Սիրիայի քրդերի հետ:
Հիշենք, որ Սիրիայի հարցով հանդիպելով ռուսական Սոչիում՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահները ընդհանուր առմամբ համակարծիք են եղել, բացառություն է կազմել քրդերի հարցը: Թուրքիան դեմ է Սիրիայում քրդական ինքնավարության առկայությանը, քանի որ վախենում է, թե նման երևույթները կտարածվեն նաև իր սահմաններից ներս: