Կորեական թերակղզու բաժանարար «պատը» ե՞րբ կջնջվի

Պաշտոնական Փհենյանը խստորեն դատապարտել է իր հարավային հարևան Սեուլին՝ ԱՄՆ-ի հետ հաճախակի զորավարժություններ անցկացնելու համար: Այն ԱՄՆ-ի, որը անընդհատ առճակատվում է Հյուսիսային Կորեայի հետ և կոչերով ու պատժամիջոցներով ամեն կերպ ճնշումներ գործադրում:
 
Արդեն 72 տարի Կորեական թերակղզին բաժանված է նույն ժողովրդի երկու պետությունների: 1945թ. օգոստոսի 15-ին Երկրորդ աշխարհամարտում հաղթած երկրները այն խաղաղ կերպով բաժանեցին իրենց միջև, և հյուսիսը բաժին հասավ ԽՍՀՄ-ին, իսկ հարավը՝ Ամերիկային: Միայն թե այս բաժանումը «մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևի շրջանակներում չի տեղավորվում, քանի որ մինչև օրս այդ երկու Կորեաները անհաշտ հակամարտության մեջ են: Իսկ 1950-53թթ. նրանց միջև իսկական պատերազմ ընթացավ, որն ավարտվեց մինչև օրս ուժի մեջ եղող զինադադարով:  
 
Մեր դարում Հյուսիսային Կորեան միանգամայն անկախ քաղաքականություն է վարում, ու ինչպես երևում է՝ ԱՄՆ-ի դեմ թշնամանքի ոգին վառ է պահում: Իսկ ահա Հարավային Կորեան, ելնելով նրանից, դեռևս չի կարողացել լիովին թոթափել ամերիկյան ազդեցությունը: Այլապես «Բեռլինի պատի» օրինակով Կորեական թերակղզու բաժանարար «պատը» նույնպես վաղուց անհետացած կլիներ:
 
Այս աշնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարածաշրջանում օրեր անցկացրեց, եղավ համարյա բոլոր պետություններում, իսկ այդ նույն ժամանակ Սեուլի հետ համատեղ աննխադեպ զորավարժություններ էր անցկացնում: Այնտեղ իր հիմնական ելույթը, ինչպես «Ավանգարդն» արդեն նշել է, նվիրել է Հյուսիսային Կորեայի դեմ փաստարկներ բերելուն ու կոչեր հնչեցնելուն, իսկ այնուհետև հայտարարել է, թե Սեուլի հետ համաձայնության է եկել նրան մեծ քանակությամբ զինտեխնիկա վաճառելու վերաբերյալ: 
 
Վատ գործարք չէ, իհարկե: Հարավային Կորեայի օգնությամբ կճնշի Հյուսիսայինին, միաժամանակ իր զինատեսակների վաճառահանման շուկան կթարմացնի:  
 
Փհենյանը Վաշինգտոն-Սեուլ հարաբերությունների նման ընթացքին անդրադարձել է «Մինջու Չոսոն» կառավարական թերթի մեկնաբանության մեջ: Այնտեղ ասվում է, թե առճականտման փորձերը միայն ավելի են սաստկացնում թերակղզում առկա լարվածությունը: 
 
- Հարավային Կորեայի իշխանությունները տարված են Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների մոլուցքով՝ մտադիր լինելով նաև ամերիկյան սպառազինություն ձեռք բերել,- շեշտում է հոդվածը։
 
Հրապարակման մեջ հետևություն է արվում, թե ԱՄՆ-ը ցանկանում է հյուսիսից եկող սպառնալիքի պատրվակով Հարավային Կորեային ավելի շատ զենք վաճառել, որպեսզի հետագայում այն օգտագործի Փհենյանի դեմ հնարավոր պատերազմում: Այսինքն, Սեուլը պետք է ԱՄՆ-ին վճարի մի զինանոցի համար, որը վերջինիս շահերին է ծառայելու:
Իսկ գուցե կործանարար պատերազմը կանխելու և իրավիճակը մեղմելու ճանապարհը, իրոք, Կորեական թերակղզու բաժանարար «պատը» ջնջելն է և նույն ժողովրդի երկու հատվածներին միավորելը, որպեսզի հանուն անիմաստ շահերի չվտանգեն թե՛ իրենց, թե՛ աշխարհի ապագան: