«Խարխուլ» նավակներով` Միջերկրականի ալիքներին

1100 մարդ տասը փայտաշեն կամ փչովի նավակներով կտրել է Միջերկրական ծովը և հասել Իտալիայի ափերին: Իտալիայի առափնյա փրկարարական ծառայությունը տեղեկացրել է, որ նրանց բարեհաջող ափ հասցնելու նպատակով  իրականացվել է փրկարարական 11 գործողություն, որոնցում ներգրավվել են Իտալիայի առափնյա ծառայության, ռազմածովային ուժերի, Եվրամիության ռազմածովային միգրացիոն առաքելության ու նաև բարեգործական ընկերությունների նավերը:

Հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե հազարից ավելի մարդուն ի՞նչ մահացու սպառնալիք է հարկադրել ամեն ինչ թողնել ու «խարխուլ նավակներով հանձնվել ծովին»: Նաև խոսք չկա, թե մինչև Իտալիայի ափերին հասնելը նրանք մարդկային կորուստներ ունեցե՞լ են:

Միջերկրական ծովը դարեր ի վեր շատ բան է տեսել. դրա ջրերը շատ ռազմանավեր են ակոսել, ծովահեններն ու ստրկատերերն այդ ջրերում բազմաթիվ ոճիրներ են գործել: Այժմ էլ ամեն օր դրա ալիքներին են հանձնվում բազմաթիվ տեղահանվածներ, որպեսզի անորոշ բախտի հետևից հանգրվանեն եվրոպական ափերին: Բայց ստեպ-ստեպ տարածվող հաղորդագրությունները նաև գուժում են նրանցից շատերի խորտակման լուրը:

Ամեն անգամ, նման լուրեր լսելիս` անհնար է լինում չմտածել, թե հարյուր տարի առաջ Միջերկրական ու Սև ծովերի ալիքներին յաթաղանից մազապուրծ քանի՞ հայ է հանձնվել, ու նրանցից քանի՞սն են ափ հասել:

Այս անգամ կարծես ամեն ինչ հաջողությամբ է պսակվել, մարդիկ փրկվել են: Սակայն մինչ աշխարհի հզոր տերությունները զանազան հանդիպումներ են ունենում, վեհաժողովներ ու նստաշրջաններ գումարում, պատժամիջոցներ ու սպառնալիքներ կիրառում, իրար գովաբանում ու զանազան կոչեր հղում, ռազմական կոալիցիաներ կազմում ու պատժիչ հարվածներ հասցնում` այս և նման երևույթները շարունակում են աղճատել մոլորակի առօրյան ու սևով նախանշել ապագան: