Երջանկության ուկրաինական «մոդելը» ճգնաժամ է ապրում

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում գումարվելու է «Արևելյան գործընկերության» վերաբերյալ հերթական վեհաժողովը, և ահա լեհական ռադիոն լուր է տարածել, թե հնարավոր է` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաժարվի դրան մասնակցել:

Հիշենք, որ սա Եվրոպական Միության բազմակողմանի ծրագիր է` ուղղված նախկին ԽՍՀՄ վեց հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Բելառուսի, Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցությանը:  
Իսկ Պորոշենկոյի դժգոհության պատճառը հռչակագրի տեքստի որոշ ձևակերպումներն են, որոնք Ուկրաինայի առաջնորդին դուր չեն եկել:

- Պյոտր Պորոշենկոն նախազգուշացրել է, որ մայրաքաղաք Բրյուսել չի թռչի` եթե Վեհաժողովի համար նախապատրաստված հռչակագրի նախագիծը չփոխեն,-նշվել է հաղորդագրության մեջ:

Իսկ Ուկրաինայի նախագահին այդ տեքստը դուր չի եկել, քանի որ այնտեղ խոսվում է դեպի Եվրոպա «Արևելյան գործընկերության» երկրների ձգտումների մասին, բայց ոչինչ չի ասվում Ուկրաինայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ: Մասնավորապես` փաստաթղթում նշված է, որ համաձայնագիրը չի ենթադրում, թե Ուկրաինան ինքնաբերաբար անդամակցելու է Եվրամիությանը, մինչդեռ Կիևում շատ ավելի դրական ուղերձ էին ակնկալում: Առավել հավակնոտ ձևակերպումներին դեմ է հատկապես Նիդեռլանդները: Բացի այդ` դիվանագետները կարծիք են հայտնել, թե Վեհաժողովին չներկայանալու վերաբերյալ Պորոշենկոյի սպառնալիքները Բրյուսելում ոչ մեկը լուրջ չի ընդունում (հաղոդում է ՏԱՍՍ-ը):     

«Արևելյան գործընկերության» թեմայով նախորդ վեհաժողովը տեղի է ունեցել Ռիգայում` 2015թ մայիսին: Ստացվում է` Պորոշենկոն հույսեր է փայփայել, թե ամեն ինչով Արևմուտքին հաճոյանալով` այս անգամ իր մնացած հինգ բախտակիցներից առաջ կանցնի ու միանգամից ԵՄ-ական կգրանցվի: Մինչդեռ վիճակագրությունը փաստում է, որ Եվրամայդանի չորրորդ տարելիցին (որը նշվել է երկու օր առաջ) Ուկրաինան ավելի շատ կորուստներ է ունեցել, քան ձեռքբերումներ:
Դա գնահատվում է որպես անկախ Ուկրաինայի պատմության ամենասուր ճգնաժամը: Մանրամասների մեջ չխորանալով` անդրադառնանք միայն «ուկրաինական երջանկության» նրբերանգներին:

Աշխարհի երկրների բնակիչների երջանկության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը (World Happiness Report)  արձանագրել է, որ վերջին 4 տարում Ուկրաինան զեկույցի վարկանիշային ցուցակում 45 կետով անկում է ապրել:

Երջանկության չափը որոշելու համար հաշվի է առնվում վեց գործոն. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, կյանքի տևողությունը, կենսականորեն կարևոր որոշումներ կայացնելու հարցում քաղաքացիների ինքնուրույնությունը, առատաձեռնությունը և վերաբերմունքը կաշառակերության նկատմամբ: Ուկրաինացիների համար այս վիճակագրության մեջ առավել խոցելի ուրիշ մի կետ էլ կա. նույն տարիներին Ռուսաստանը տվյալ ցուցակում 19 կետով իր դիրքերը բարելավել է և 68-րդ հորիզոնականից բարձրացել 49-րդ տեղը:

Իսկ ԵՄ-ին ինքնաբերաբար անդամակցելու հրավերի բացակայությունը, հավանաբար, հաջորդ զեկույցում Ուկրաինայի համար կդրսևորվի ևս մի քանի կետի անկումով: