«Մեղավորը» դարձյալ Գյուլենն է

Օրն այսօր Թուրքիայում բացվել է ձերբակալությունների թարմացված ալիքով: Այդ երկրի անվտանգության ուժերը նոյեմբերի 22-ի առավոտից գործողություններ են ծավալել, որպեսզի ձերբակալեն ֆինանսների նախարարության նախկին 82 աշխատակիցների:
 
Իհարկե՝ նրանց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապերի համար: Ձերբակալման թույլտվությունը տրամադրել է Անկարայի դատախազությունը, և նրանց մի մասին արդեն հսկողության տակ են վերցրել (հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն):
 
Նշվել է, որ ձերբակալվածները ByLock ծրագրից օգտվողներ են, իսկ թուրքական իշխանությունները պնդում են, թե այն կիրառում են FETO-ի անդամները, որպեսզի ծածկագրված հաղորդագրություններ փոխանակեն: 
 
Հիշեցնենք՝ 2016 թ. հուլիսի 16-ի հեղաշրջման փորձի ժամանակ, որի գործողությունները հիմնականում ծավալվել են Անկարայում և Ստամբուլում, զոհվել է Թուրքիայի 240 քաղաքացի, 2000-ը տարբեր վնասվածքներ է ստացել, իսկ խռովությունը շատ արագ ճնշվել է: Ու որքան էլ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենն ինքն էլ դատապարտել է հեղաշրջման փորձը, միևնույն է՝ Էրդողանն ու իր շրջապատը ամենուր նրա հետքերն են փնտրում: Նրա հետ կապերի պատրվակով արդեն կալանավորել են 50 000 մարդու, 140 000 մարդու էլ աշխատանքից հեռացրել են:
 
Ու մինչ Թուրքիայի ներսում դատաստան են տեսնում անցանկալի մարդկանց հետ, այդ երկրից դուրս քննարկումների թեմա է դարձել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համաձայնագիրը: Սրան էլ անդրադարձել է «Վաշինգտոն փոստը»: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը, օրինակ, չի բացառել, որ դրա պատճառով հնարավոր է՝ որոշ պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի դեմ: Նրա խոսքով՝ թեև դրա առնչությամբ իրենք խիստ մտահոգություններ ունեն, սակայն մյուս կողմից Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր գործընկեր է: 
ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա՝ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտն էլ մինչ այդ շեշտել էր, որ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, ինչը նախատեսված է իրականացնել 2018թ.: 
 
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ թե որովհետև Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկան տեխնիկապես անհամատեղելի է:Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նույնպես դրան անդրադարձել է՝ հայտարարելով, թե Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կիրառել չի կարողանա:
 
Եթե սրան էլ ավելացնենք որոշ մեկնաբանների դիտարկումը, թե Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը լիովին չարդարացրեց С-400 համակարգերի վերաբերյալ Էրդողանի հույսերը (մինչև Սոչի գնալը, ինչպես տեղեկանում ենք yerkramas.org ռուսալեզու կայքից, Էրդողանը բարձրագոչ խոստացել է ռուսներից կորզել С-400-ների արտադրության տեխնոլոգիան և նույնիսկ Թուրքիայում այդ համակարգերը հավաքելու թույլտվությունը), ստացվում է, որ դա այնքան էլ օգտակար գործարք չէր: Մանավանդ՝ եթե դրանով բացառվի ՆԱՏՕ-ի երկրներից նոր զինատեսակներ ներմուծելու հնարավորությունը: