Մզկիթների կողոպուտից մինչև բողոքագիր Ֆրանսիայի դեմ

Ադրբեջանում ձերբակալել են ավազակախմբի անդամների, որոնք իրենց համար վաստակի միջոց են ընտրել մզկիթներ կողոպտելը: Մեհման Գյանջալիևը, Թուրալ Լելիմադովը և Քյամրան Մուրադովը այս տարվա սեպտեմբերից շրջել են գյուղերում և մզկիթների նվիրատվությունների տուփերից գումարները թռցրել: Այժմ, ըստ 1new-ի, այդ փաստով քննություն է կատարվում:
 
Նավթով հզորացած Ադրբեջանը փորձում է ամբողջ աշխարհին հզորներին գնել՝ օգտագործելով նրանց մարդկային «փոքրիկ» թուլությունները, որպեսզի իր քաղաքացիների համար դրախտային երկիր կառուցի: Ու իր քաղաքացիներին էլ տրամադրում է վայրագություններով ճնշել այդ երկիրը կազմող տարածքների իրական տերերին (ինչպես օրինակ թալիշներին ու լեզգիներին)՝ նրանց նկատմամբ ատելություն քարոզելով (ինչպես հայերիս դեմ է արվում): Իսկ ահա ատելություն քարոզելու մեջ հմտացած ադրբեջանական քարոզչամեքենան, փաստորեն, ձախողվել է Աստծո նկատմամբ սեր դաստիարակելիս: 
 
Եվ սրանք իրենց իսլամի հավատարիմ հետևորդ են հռչակել: Բայց չէ՞ որ ունեցած միլիարդները լցնում են հիմնականում քրիստոնեություն դավանող գործիչների գրպանները, որպեսզի Հայաստանի ու Արցախի դեմ ինչ-ինչ քայլերում հաաջողությունների հասնեն, իսկ իրենց հավատացյալներին հարկադրում են, որ մզկիթները կողոպտեն: Մինչդեռ՝ եթե այդ միլիարդները օգտագործվեին աշխատատեղեր ստեղծելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, այդ մարդիկ գուցե թե վաստակի միջոց ընտրելիս մի քիչ մտածեին:
Միայն թե պաշտոնական Բաքուն վերստին փորձում է ազդել եվրոպացիների գործելակերպի վրա: Ֆրանսիան, պարզվում է, առանց Ադրբեջանի անբեկանելի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախի օրեր է անցկացնում, որին մասնակցում է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: 
 
Ֆրանսիայից նեղացած Բաքուն դեսպան Աուրելիա Բուշեզին երեքշաբթի Ադրբեջանի ԱԳՆ է կանչել՝ իր ներկայացրած պետության թույլ տված դիվանադիտական քայլի համար մի լավ թուքումուր հրամցնելու: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեևը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հապաղել լուրը տարածել: Բա ինչպե՞ս՝ Ֆրանսիայի նման պետության «ականջները» ադրբեջանավարի «քաշելու»  առիթ է ներկայացել: Ֆրանսիան էլ է, չէ՞, ՄԱԿ-ի անդամ նույնպիսի պետություն, ինչպես ինքը՝ Ադրբեջանը…