ԵՄ ֆինօգնության կրճատումից Թուրքիան այնքան էլ չի նեղվել

2004թ. Թուրքիան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու դարձնելով՝ Եվրամիությունը, թերևս, հույս է ունեցել, թե ցեղասպանությամբ պսակված և խտրականության հիմքի վրա կառուցված զավթիչ պետությունը «գրչի մի հարվածով» վերածվելու է արդարության ու ժողովրդավարության օրինակելի պատվարի:
 
Ու առատորեն նրան պարգևատրում էր անդամության թեկնածուի համար նախատեսված միլիարդավոր դոլարներով, որպեսզի վերափոխումը արագ կատարվի: Իսկ էրդողանյան Թուրքիան, արի ու տես՝ ընտրեց սուլթանության անցյալ վերադառնալու ճանապարհը:
 
Ահաև 2018թ. Եվրամիության բյուջեի քննարկման ժամանակ որոշում է կայացվել 105 մլն դոլարով նվազեցնել Թուրքիային  հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Այդուհանդերձ, ԵՄ-ից հաղորդում է տարածվել, որ դրանից 70 միլիոնը Թուրքիային կհատկացվի, եթե Բրյուսելում տեսնեն, որ Անկարան իրավական պետության սկզբունքների պահպանման հարցում առաջընթաց է ապահովել:
 
Նոյեմբերի 18-ին կայացված որոշումը մեկնաբանել է տնտեսության հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը: Նա ասել է, թե այդ օգնության չափի կրճատումը իրենց համար առանձնապես կարևոր չէ և չի կարող մեծ ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսական վիճակի վրա: (Հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը):
 
- Մեծ բան չէ: 108 մլրդ-ի մեջ 105 միլիոնից եք խոսում: Լուրն ինքնին վատ ազդեցություն է թողնում, իհարկե, սակայն ինքն իրենով լուրջ ազդեցություն չունի,- ասել է Շիմշեքը:
 
Թուրքիայի իշխանությունները, իհարկե, կարող են մի լավ ծիծաղել Եվրամիության վրա, որ կարողացել են վերջին 14 տարում նրան մոլորեցնել և այդքան հսկայական ֆինանսական օգնություն ստանալ: Ու դեռևս շարունակելու են ստանալ՝ թեկուզև մի քիչ պակաս: 
 
Թե եվրոպացիների հաշվին ստացած այդ գումարները ինչքան լավն են դարձրել Թուրքիան, կարելի է դատել այդ երկրում հենց միայն բազմաթիվ եվրոպացի կալանավորների առկայությամբ: Իսկ որ երբեմնի հետամնաց այդ երկրիրը տնտեսապես այդքան հզորացել է՝ նույնպես այդ գումարները, անշուշտ, դեր ունեն:  
 
Թուրքիայի փոխվարչապետը, ճիշտ է, հոխորտալու նման ասել է, թե ֆինանսական օգնության նվազեցումը նշանակություն չունի, սակայն թուրքական լրատվամիջոցները նշում են, որ սա Թուրքիայի դեմ ԵՄ-ի կիրառած առաջին պատժամիջոցն է՝ քաղաքական նկատառումներով: Այսինքն, սկիզբն արդեն դրված է, և միլիարդներից այսուհետև ևս օգտվելու համար Թուրքիան երևի գոնե կձևացնի, թե փոխվում է: 
 
Ճիշտ է, ինչպես Էրդողանն է ասել՝ Եվրամիությունը տարիներ շարունակ Թուրքիան կանգնեցրել է իր դռների մոտ ու ներս չի թողնում: Բայց և քանի՞ երկրի կա, որ հաջողացրել է այդքան տարի եվրոպական փողերով հզորանալ ու բարգավաճել: Այնպես որ՝ իրոք, այս հարցում ևս Թուրքիան միայն շահող է: