Առաջավոր փորձի փոխանակում՝ ուկրաինական տարբերակով

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կիլիմկինը օրերս հայտարարել էր, թե Վաշինգտոնը Կիևին զենք կտա, իսկ Ուկրաինան դրա դիմաց նրանց կփոխանցի ռուսների դեմ պայքարի իր փորձը: Ուղղակի ինչպես հին ու բարի խորհրդային ժամանակներում՝ առաջավոր փորձի փոխանակում: Միայն թե՝ քանի որ ժամանակները փոխվել են, այս անգամ Ուկրաինայի գործընկերը ոչ թե եղբայրական Ռուսաստանն է, այլ մի երեք տասնամյակ առաջվա երկուսի էլ երդվյալ հակառակորդ ԱՄՆ-ը:
 
Ռուսաստանը, պարզ բան է, այս հայտարարությունն անարձագնք չի թողել: ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը «ՌԻԱ-նովոստի»-ին ասել է, որ եթե ԱՄՆ-ը իրոք Ուկրաինային զենք մատակարարի, դա կպայթեցնի Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ Կլիմկինի քմահաճությունները կտրուկ ապակայունացնում են Դոնբասի իրավիճակը: Շամանովը նաև շեշտել է.
 
- Միջոցները, որոնք նա թվարկել է, վերաբերում են հարձակողական գործողություններին: Իսկ դա գործընթացի վրա չափազանց բացասաբար է անդրադառնալու բոլոր տեսանկյուններից՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, էլ չեմ խոսում զինվորականների մասին: 
 
Շամանովն աչքաթող չի արել նաև տվյալ ենթադրյալ գործարքում ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ ասելով, որ եթե Վաշինգտոնը նման մատակարարումներ իրականացնի, դա կլինի ամենաանպատասխանատու քայլը: 
 
Թե ինչ տարածքների հաշվին էին ձևավորվել Խորհրդային Ուկրաինայի սահմանները՝ թողնենք մի կողմ: Միայն կարող ենք պնդել, որ մինչ Ռուսաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Հայաստանի ժառանգությունը առատաձեռնորեն բաշխում էր Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին…, իր եղբայր Ուկրաինայի համար տարածքներ չէր խնայում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կամայականորեն գծված սահմաններից որոշները սկսեցին երերալ, ու թերևս իրականացան ԽՍՀՄ-ի հակառակ բանակի ակնկալիքները, թե ազգային հարցը ի վերջո կկործանի այդ հսկայածավալ պետությունը: 
 
Այն թշնամանքը, որ եռում է ծագումով, լեզվով, մշակույթով, պատմությամբ այդքան սերտորեն կապված  երկու ազգերի միջև, անկասկած, իրականացումն է երկար մշակված ու վարպետորեն իրագործված ծրագրի: Եվ ուրեմն զարմանալի չէ նաև, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտահայտվել է իր երկրի հզորության գործում ԱՄՆ-ի դերի մասին: Անկախ Ուկրաինայի առաջին տիեզերագնաց Լեոնիդ Կադենյուկի թռիչքի 20-ամյակի առթիվ Դիմագրքի իր էջում  նա հպարտորեն գրառել է.     
 
- 20 տարի առաջ այս օրը անկախ Ուկրաինայի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Լեոնիդ Կադենյուկը տիեզերք թռավ ամերիկյան «Կոլումբիա» տիեզերանավով: Այդ օրվանից Ուկրաինան հաջողությամբ հաստատել է իր դիրքերը որպես տիեզերական պետություն:
 
Ահա այսպես, ԱՄՆ-ը Ուկրաինային տիեզերական պետություն է դարձրել: Հապա էլ ինչպես նրանից շնորհակալ չլինի անկախ Ուկրաինայի մեծահարուստ նախագահը: Ուկրաինայի ու ՌԴ-ի տարաձայնությունները կամ թշնամանքը, անշուշտ իրենց գործն է: Միայն ցավալի է, որ մոլորակի վրա տիրող բարքերը և առաջ մղվող քաղաքականությունը հնարավորություն են տալիս երկու եղբայր ազգերի մահացու զենքերով հանել իրար դեմ՝ ի շահ երրորդ, չորրորդ… կողմի: Իսկ նման բարքերից մենք պակաս չափով չենք տուժում: