ԱՄՆ-ի նախապայմանը Հյուսիսայի Կորեային

Հարավային Կորեայի խորհրդարանում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմնականում խոսել է Հյուսիսային Կորեային առնչվող խնդիրների մասին: Նա բոլորին կոչ է արել ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը: Հատուկ կոչով դիմել է Ռուսաստանին ու Չինաստանին հորդորելով սահմանափակել այդ պետության հետ դիվանագիտական և տնտեսական կապերը: Ու կրկնել է, որ Վաշինգտոնը Փհենյանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել:
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս կոչին արձագանքել է, թե Մոսկվան բանակցությունների կողմնակից է և համոզված է, որ սպառնալիքների ու վիրավորանքների փոխանակումը ոչ մի լավ բան չի տա Վաշինգտոնին ու Փհենյանին: Դրանից առաջ էլ ՌԴ-ն ու Չինաստանը Հյուսիսային Կորեային առաջարկել էին առկախել միջուկային փորձարկումներն ու հրթիռների արձակումը, իսկ Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին՝ կայունացնել թերակղզում տիրող իրավիճակը: Վաշինգտոնը, սակայն, իրեն վերաբերող մասը մերժել էր: 
 
Ինչ վերաբերում է բանակցություններին, դրա մասին էլ խոսել է ԱՄՆ զինված ուժերի պատասխանատուն: Ջեյմս Մեթիսը հայտարարել է, թե ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև բանակցությունների հնարավորություն կծագի միայն այն ժամանակ, երբ Փհենյանը վերջ կտա միջուկային և հրթիռային ծրագրերի փորձարկումներին ու զարգացմանը (տեղեկացնում է «Ռեյթեր» պարբերականը):
 
Սա բանակցությունների նախապայման է: Բայց Փհենյանն էլ կարող է իր նախապայմանները առաջ քաշել: Օրինակ՝ որ ԱՄՆ-ը հրաժարվի միջուկային զենքից, իր զինված ուժերը դուրս բերի ուրիշ պետությունների տարածքներից, դադարեցնի տարբեր պատրվակներով միջամտել նրանց ներքին գործերն և այլն, և այլն:
Այնպես որ, ԱՄՆ-ի այս նախապայմանն ավելի շատ նման է մեր հարևան Ադրբեջանի պահվածքին, որը դեմ է ամեն մի բանակցության, ինչը չի խոստանում Արցախն անվերապահորեն իր նման սարքովի պետության կազմում ընդգրկել:  
 
Իսկ այս ամենը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև երկխոսություն չի կայանա, և միջուկային պատերազմի սպառնալիքը կախված կմնա մարդկության գլխին՝ զիջում չճանաչող երկու պետությունների պատճառով: