Եվրոպան պահանջներ է թելադրում

Հունաստանում և Իտալիայում կուտակված փախստականներին ընդունելուց հրաժարվելու համար Եվրամիությունը իր անդամ երեք երկրի սպառնում է պատժել իրավական միջոցներով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ասոշսիեյթեդ փրեսը», հայտարարել է միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: 
 
- Ես հույս ունեմ՝ Չեխիան, Լեհաստանն ու Հունգարիան կօգտվեն հնարավորությունից, դիրքորոշումները կվերանայեն և կսկսեն փախստականներին տեղավորել,- ասել է նա:
 
ԵՄ հանձնակատարը իր խոսքին կշիռ է տվել՝ հավաստաիացնելով, որ եթե այդ երկրները իրենց գործելակերպը շարունակեն, Եվրոպական հանձնաժողովը համապատասխան քայլեր ձեռնարկելու լիազորություններ ունի: Վիճակագրությունը հուշում է, որ այս երկրները փախստականների դեմ քվոտաներ ընդունելուց հետո երկու տարվա ընթացքում ընդամենը 12 մարդ են ընդունել, և այդ 12-ին էլ՝ միայն Չեխիան:
 
Միջերկրական ծովով գերծանրաբեռնված ջրային փոխադրամիջոցներով մի կերպ Հունաստան ու Իտալիա հասնելուց հետո եվրապական «լավ կյանքի» երազանքով տարված փախստականները, ըստ էության, ստիպված են լինում մի կերպ գոյություն քարշ տալ ճամբարային պայմաններում: Իսկ ահա նախկին սոցիալիստական ճամբարի այս երեք երկրները ցանկություն չունեն նրանց դարձնել իրենց կյանքի բաղադրիչը: 
 
Ելնելով նրանից, ինչ կատարվում է փախստականներով ծանրաբեռնված եվրոպական երկրներում՝ թերևս ոչ ոք իրավունք չունի նրանց դատելու: Եվրամիությունը, սակայն, իր պարտադրանքներն է թելադրում: Ոչ մի ձևով չփորձելով ազդել փախստականներ ծնող պատճառների վրա՝ համաեվրոպական կառույցը փորձում է հետևանքները վերացնել: Իսկ թե հետևանքների նման վերացումը ի՞նչ ավելի ծանր հետևանքների կհանգեցնի՝ կարծես թե հաշվի առնող չկա:   
 
Լեհաստանի համար, սակայն, սպառնալիքներն այսքանով չեն սահմանափակվել: Եվրախորհրդարանն ահազանգել է, թե այնտեղ վտանգված է «իրավունքի և ժողովրդավարության գերակայությունը»: ԵԽ վեհաժողովի լիագումար նիստում ընդունվել է բանաձև, որտեղ վճռականություն է հայտնվում Լիսաբոնի համաձայնագրի յոթերորդ հոդվածի  համաձայն ձեռնարկել քայլեր, որոնք, պատգամավորների կարծիքով, կարող են Լեհաստանը զրկել ձայնի իրավունքից: 
 
Իսկ ԵԽ-ն դժգոհություն է հայտնել Լեհաստանում իշխանության ճյուղերի բաշխման, դատական մարմինների անկախության և քաղաքացիների հիմնական իրավունքների վիճակի վերաբերյալ: Բանաձևում այդ երկրի իշխանություններին կոչ է ուղղվում՝ պահպանել եվրոպական ընդհանուր արժեքները, որոնք ամրագրված են ԵՄ պայմանագրի 2-րդ հոդվածում և Լեհաստանի սահմանադրությամբ: 
 
Մի քանի 10-ամյակ առաջ Եվրոպան ԽՍՀՄ-ին, իսկ ավելի ճշգրիտ՝ Ռուսաստանին էր մեղադրում, թե այս երկրները նրա թելադրանքով են գործում: Իսկ լուսավորյալ Եվրոպան, կարծես, պակաս խստությամբ չի նրանց կամք թելադրում: Տարբերությունը միայն այն է, որ ԽՍՀՄ-ն իր թելադրանքին «սոցիալիսզմի շահեր» անունն էր տալիս, իսկ ԵՄ-ն դրա անունը դնում է «եվրոպական արժեքներ», «ժողովրդավարություն, «մարդու իրավունքներ», «գենդերային հավասարություն» և այլն: Իսկ թե այս երկուսից ո՞ր մեկն է ավելի անկեղծ, ցույց կտա ժամանակը: