Ի՞նչ պառնալիքից է պաշտպանվելու Եվրոպան

Երկու հանգամանք պատճառ են դարձել, որ Եվրամիության երկրները ռազմական նոր քաղաքականություն ընտրեն: Դրանցից մեկը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալն է, մյուսը` ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը:
 
Եվրամիության  երկրներն արդեն իսկ ռազմական ավելի քան 50 նոր ծրագրերից կազմված փաստաթուղթ են պատրաստել, որը հայտնի է դարձել  РESCO անունով:
 
Այս մասին երկուշաբթի Բրյուսելում խոսել է ԵՄ դիվանագիտության գլխավոր դեմքը՝ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով 28 երկրների արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքները:
 
Մինչ այդ, 28 երկրներից 23-ը ստորագրել էին ԵՄ խորհրդին և Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակի տակ, որով իրենց համաձայնությունն են հայտնում միանալու անվտանգության և պաշտպանության ոլորտում Մշտական կառուցվածքային համագործակցության (վերը նշված РESCO-ին, որը Permanent Structured cooperation բառակապակցության հապավումն է)  նոր ծրագրին: 
 
- Դուք ստորագրել եք մի բան, որին հասնելը դեռևս մեկ տարի առաջ անհնար էր թվում: Սա ընդհանուր աշխատանքի սկիզբն է: 23 երկիր ծանուցագիրն ստորագրել է, և այն բաց է մնում նաև մյուս երկրների համար, որոնք ցանկություն կունենան միանալու,- ստորագրման գործողությունն ավարտելուց հետո ասել է Մոգերինին:  
 
Ենթադրվում է, որ այս տարեվերջին ծրագիրը կարժանանա ԵՄ խորհրդի հավանությանը: Այս կառույցի պարզաբանման համաձայն՝  РESCO-ն ռազմական խորին համագործակցության ծրագիր է ԵՄ անդամ երկրների միջև:
 
- Նպատակն է համատեղ զարգացնել պաշտպանունակությունը և այն հասանելի դարձնել եվրոպական ռազմական գործողությունների համար: Ծրագրին մասնակցելը, սակայն, կամավոր է, իսկ որոշումները պետք է կայացնեն մասնակից երկրները: 
 
Դժվար չէ նկատել, որ այս փաստաթղթի տակ ստորագրող երկրներ հիմնականում ՆԱՏՕ-ի անդամներ են, և Յենս Սթոլթենբերգի դրական արձագանքը զարմանալի չէ:
 
- Ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ հաստատ համոզված եմ, որ այն նպաստելու է Եվրոպայի պաշտպանությանը: Դա լավ է Եվրոպայի համար, լավ է նաև ՆԱՏՕ-ի համար: Դա թույլ կտա ստեղծել ռազմական նոր հնարավորություններ և ապահովել ռազմական ծախսերի առավել արդար բաշխումը ՆԱՏՕ-ի ներսում,- Բրյուսելում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
 
Սթոլթենբերգը նաև նշել է, որ ԵՄ երկրների ռազմական համագործակցությունը կավելացնի ՆԱՏՕ-ի հնարավորությունները, որովհետև իրենց ոչ թե մրցակցություն է անհրաժեշտ, այլ հենց կազմակերպությունների միջև առկա համագործակցություն: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն Սթոլթենբերգն ասել էր, թե ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է հրամանատարական նոր համակարգ մշակել, որը հնարավորություն կտա առավել շարժուն լինել Եվրոպայում և Ատլանտիկայում:
 
Հայտնի է, որ ռազմական դաշինքները ստեղծվում են սպառնացող որևէ զորեղ ուժի դեմ: ՆԱՏՕ-ի ու Եվրամիության այս անօրինակ ռազմական պատրաստությունները, թվում է, վերերկրային ինչ-որ ուժի դեմ են ուղղվելու, որովհետև եթե դա ուղղված է սոսկ Ռուսաստանի և նրա մի քանի ռազմական գործընկերների կամ ԿԺԴՀ-ի ու Իրանի դեմ՝ մի քիչ չափազանցված է թվում: Չլինի՞` այլմոլորակայինների հարձակում է նախատեսվում, դրա համար են բոլորը համախմբվում: Իսկ եթե այդպես է, ուրեմն այդ «բաց» փաստաթղթի տակ շուտով պետք է բոլորը ստորագրեն: