Իսպանիան չի ուզում Կատալոնիայից բաժանվել

Պատկերացնել միայն կարելի է, թե 2000 ընկերության հեռանալն ինչպես կաթվածահար կաներ ամբողջ Կատալոնիան և խառնաշփոթ կստեղծեր մյուս շրջաններում: Սակայն հարյուրհազարավոր կատալոնացիների երթը նույնպես երկիրը կաթվածահարելու ներուժ ունի, ինչի համար էլ Իսպանիայի վարչապետը այնտեղ է ժամանել: Ու դեռ հարց է` այդ 2000 ընկերությունների ղեկավարները կցանկանա՞ն քաղաքական նման անկայունության պարագայում իրենց գործունեությունը շարունակել, թե՞ կգերադասեն որոշ դժվարությունների գնով պահովել իրենց հետագա եկամուտները:
 

Կատալոնիայի անկախության հանրաքվեն ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ճգնաժամ է ստեղծել ամբողջ Իսպանիայում, գուցե նաև Եվրոպայում:

Ինքնավար այս վարչական միավորից դուրս գալու գործընթաց տարբեր ընկերություններն սկսել` հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի հենց հաջորդ օրվանից: Այժմ արդեն շուրջ 2000 ընկերություն հայտարարել է իր որոշման մասին` Կատալոնիայում գտնվող իր կենտրոնակայանը տեղափոխվել Իսպանիայի մեկ այլ շրջան: 

Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները չճանաչող իսպանական իշխանություններին, սակայն, ստեղծված իրավիճակը բնավ չի գոհացնում: Դրա համար էլ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյն այդ ընկերություններին կոչ է արել  ինքնավարության տարածքից չհեռանալ: Այս կոչը, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, նա հրապարակել է իր թուիթերյան էջում:

- Մենք Կատալոնիայի ընկերություններին խնդրում ենք չհեռանալ և կատալոնական արտադրանքները սպառել: Մենք պետք է միասին պահպանենք այն կապերը, որոնք մեզ միավորում են,- գրել է Ռախոյը:

Իսպանիայի վարչապետն այս գրառումն արել է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում, որտեղ ժամանել է հանրաքվեի անցկացումից ի վեր առաջին անգամ: Նախորդ օրը հարյուրհազարավոր կատալոնացիներ երթի էին դուրս եկել` պահանջելով ազատ արձակել իրենց խորհրդարանի` կալանքի տակ գտնվող նախկին ղեկավարներին:

Որ Իսպանիայի իշխանությունները վճռական են իրենց երկրի «տարածքային ամբողջականությունը» ամեն գնով պահպանել` ցույց են տալիս այն արմատական միջոցառումները, որոնք ձեռնարկում են: Դրանցից առաջինը Կատալոնիայի ղեկավար Պուչդեմոնին փախստական դարձնելն ու խորհրդարանի ղեկավարներին ձերբակալելն էր. այժմ էլ ջանք են թափում անխաթար պահել տնտեսական կայունությունը:

Ինչ-որ ժամանակ աշխարհի հզորները որոշել են մոլորակը բաժանել սեփական հայեցողությամբ, ու գծել են սահմաններ, որոնք միայն իրենց են բավարարում: Գուցե Կատալոնիան լավագույն օրինակը չէ, սակայն անկախ պետություն ունենալը հիմա այնպես է համակել ամենատարբեր խմբերի, իսկ նվաճած կամ հազարամյակներով ժառանգած տարածքներից բաժանվելն այնպես է զայրացնում դրանց տերերին, որ աշխարհում սկսել է մի նոր քաոս առաջանալ: Իսկ թե այդ քաոսը մարդուն ի՞նչ կտա` մնում է միայն երազել լավագույնի մասին: