Չինաստանն աշխարհին ֆանտաստիկայի քաղաք է առաջարկում
Ֆանտաստիկ արագությամբ զարգացման գագաթներ նվաճող Չինաստանում Գիտական ֆանտաստիկայի քաղաք են կառուցում: Այդ նպատակով կառավարությունը մտադիր է 1,8 մլրդ դոլար հատկացնել:
Այն ժամանակներում, երբ գիտական ֆանտաստիկայի գրական ժանրը սկսեց տարածվել, ամենավառ երևակայությունն անգամ չէր կարող երկնել այն ամբողջ տեխնոլոգիական առաջընթացը, որն այսօր մեր առօրյան է: Այն ժամանակ, անշուշտ, երևակայության թռիչքահարթակը առկա իրականությունն էր ու դրա ընձեռած հնարավորությունների զարգացումը:
Չինական երևակայության քաղաքը ներկայացնելու է գրքեր ու սցենարներ` նվիրված անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի հրաշքներին, լինելու է ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն (այս մասին լրագրողներին տեղեկացրել է Չենդուի քաղաքապետ Լո Ցյանը): ։
Քաղաքը Չիանաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի կենտրոնն է։
-Մեր քաղաքում թողարկվում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհ» հանդեսը: Այն կարելի է ստեղծագործական հենակետ համարել` այդ ժանրում ՉԺՀ-ի ստեղծագործողների համար: Հենց մենք ենք հիմնել այդ ուղղությամբ չինական ամենահեղինակավոր մրցանակները` «Ծիր կաթինը» և «Նոր մարդը»։ Այժմ ծրագրում ենք ստեղծել «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը»,- «Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանս-2017»-ի իր ելույթում նշել է Չենդուի քաղաքապետը:
Բնական է` պետությունն իր ներդրած միլիարդների դիմաց ակնկալիքներ ունի: Իշխանությունների հաշվարկով` նոր նախագիծն ամեն տարի 12 մլն զբոսաշրջիկ կապահովի և 8000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կընձեռի: Իսկ որ նման քաղաքը զբոսաշրջիկների պակաս չի ունենա` ցույց է տալիս հենց թեկուզ ժանրի շրջանակում համաշխարհային ֆիլմարտադրության հաջողությունը:
21-րդ դարի իրականությունն այնքան ահասարսուռ է, սպառնալիքները` այնքան կործանարար, իսկ դրանք մոռանալ տվող միջոցները` այնքան հասանելի, որ չինական քաղաքի գաղափարը երևի շուտով իրականություն կդառնա նաև մյուս հարուստ երկրներում: Միայն թե պետք է զգուշանան ու ամեն կերպ կանխեն մուտքը զանազան ահաբեկիչների, ովքեր կգան զանգվածային սպանդ սարքելու երևակայական գեղեցիկ իրականության մեջ:
Հատկանշական է, որ ապագայի վերաբերյալ ֆանտաստիկ ֆիլմերում մարդկության ապագան շատ մռայլ է ներկայացվում: Հավանաբար դա է հուշում աշխարհում տիրող բարքերի և պետությունների վարած քաղաքականության իրական վերլուծությունը:
Ո՞վ գիտե` ֆանտաստիկայի չինական քաղաքը գուցե դեպի լավը փոխի մարդկության ապագան: