ՄԱԿ-ի ԱԽ-ն կարձագանքի՞ Սիրիայի դիմումին
Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարարությունը դարձյալ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կոչ անելով քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործելակերպի դեմ: Նաև խիստ կասկածելի է համարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում այդ դաշինքի դերը:
Երեկ` կիրակի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված ուղերձում Սիրիայի ԱԳՆ-ն վճռականապես դատապարտել է կոալիցիայի գործողությունները և պահանջել վերջ տալ նրա գրոհներին, որոնց պատճառով խաղաղ բնակիչներ են զոհվում: Ուղերձի տեսքտում, որը հրապարակել է SANA գործակալությունը, մասնավորապես նշվել է.
- Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը Անվտանգության խորհրդից դարձյալ պահանջում է կատարել միջազգային խաղաղության և անվտանգության բնագավառի իր գլխավոր առաջադրանքը` դադարեցնելու համար դաժան հանցագործությունները, որոնք այդ կոալիցիան գործում է Սիրիայի անմեղ քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև` կանխելու համար նոր հանցագործություններն ու հարձակումները, որպեսզի հնարավոր լինի պահպանել Սիրիայի ժողովրդին, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
Այս նոր ուղերձի առիթը եղել է նոյեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Դաշինքի մարտական ինքնաթիռները գրոհել են Դեր Զորի շրջանում գտնվող բնակելի թաղամասերը Թալ-էլ-Շեյեր և Էլ-Դուայջի բնակավայրերում, որի հետևանքով 10 խաղաղ բնակիչ զոհվել է, մի քանիսն էլ վիրավորվել են:
Սիրիայի ԱԳՆ-ն, այսպիսով, կասկածի տակ է առել իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի քաղաքականությունը և ուղղակի նշել է.
- Միջազգային կոալիցիայի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի արաբական բանակի և նրա դաշնակիցների հաղթանակները ձախողելու տենդագին ձգտումը հաստատում է այդ դաշինքի կասկածելի դերը և ԻՊ-ի դեմ իրական պայքար մղելու գործում նրա վտանգավորությունը:
Սիրիայում ԱՄՆ-ի գործելակերպին հավանություն չի տալիս նաև Թուրքիան` բնականաբար, ամեն ինչ ենթարկելով սեփական շահին: Թուրքիայի անբավականությունն էլ արտահայտել է վարչապետ Բինալի Յլդրըմը: «Անադոլու» գործակալությունը հրապարակել է նոյեմբերի 7-11-ը նրա ամերիկյան այցի որոշ մանրամասներ:
- Քրդական աշխատանքային կուսակցությունը և նրա սիրիական ճյուղերը` «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները և «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, ուղղակի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ը հենց նրանց հետ է համագործակցում: Չեմ կարծում, որ Վաշինգտոնի այժմյան քաղաքականությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության ահամար նպաստավոր է,-հայտարարել է Յլդրըմը:
Ու նաև իր երկրի անունից հույս է հայտնել, թե Վշինգտոնը արագորեն կդադարեցնի իր համագործակցությունը Սիրիայի քրդերի հետ:
Տարածաշրջանի երկրները ԻՊ-ի դեմ պայքարում ցանկանում են սեփական շահը պաշտպանել, որոշ դեպքերում` ուղղակի ապրելու իրավունքը: Իսկ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «շագանակներ» են տեսել, որոնց կարող են տիրանալ այլոց ձեռքերի այրվածքների հաշվին: Իսկ թե ինչպես «միջազգային խաղաղության և անվտանգության բնագավառի իր գլխավոր առաջադրանքը» կկատարի ՄԱԿ-ի ԱԽ-ն` ցույց կտա ժամանակը: Փորձը, սակայն, հուշում է, որ այդ կառույցը բոլորվին այլ կերպ է պատկերացնում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու իր առաքելությունը, քան նրանից ակնկալում են դրա իրական շահառուները:
Կիրակի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական բանակը ստիպված է եղել նահանջել Աբու Քամալ քաղաքից, և այնտեղ վերստին վերահսկողություն են հաստատել ԻՊ-ի գրոհայինները: Տեղեկացվում է, որ այնտեղ դաժան մարտեր են ընթանում: