Ահաբեկիչների նոր գործելակերպը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր գործելակերպն է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի ազգային անվտանգության և կառավարական ձեռնարկությունների գործերի կոմիտեի լսումների ժամանակ:

Եզրակացությունն այն է եղել, որ ԻՊ-ն սկսել է ավելի հաճախ ահաբեկչական գործողությունների դրդել տարբեր մարդկանց, քան դրանք իրականացնել սեփական ուժերով: Իսկ գրոհներ կազմակերպելու համար «չարագործները» օգտագործում են ձեռքի տակ եղած սովորական միջոցներ:

Նման մեկնաբանություն արել է ներքին անվտանգության նախարարի տեղի հավակնորդ Քրիստեն Նիլսենը, ով այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնն է զբաղեցնում:

- Մենք պետք է հասկանանք, որ սպառնալիքը փոխվել է: ԻՊ-ն այժմ սկսել է ավելի հազվադեպ ուղղակի հարձակումներ ձեռնարկել և ավելի հաճախ դրան դրդել (խաղաղ բնակիչներին): Նման հարձակումները մեր քաղաքացիների համար միատեսակ վտանգներ են պարունակում,- նշել է տիկին Նիլսենը` միաժամանակ հավանություն տալով ԱՄՆ վարչակազմի քաղաքականությանը, որով ուժեղացվել է սահմանային վերահսկողությունը:

Եթե հիշենք, թե վերջին ամիսներին ԱՄՆ-ում քանի անմարդկային գրոհ է եղել, քանի զոհ ու վիրավոր, քանի խեղված ճակատագիր է նրա բնակիչներին բաժին հասել` հարցի քննությունույնն, իրոք, շատ հրատապ է դառնում: Լաս-Վեգսի սպանդից հետո «Գրին քարտ» շահած ուզբեկի արաքը, ապա եկեղեցում խաղաղ աղոթող մարդկանց գնդակահարությունները, մանր ու մեծ նմանատիպ այլ գրոհները թեև հիմնականում ահաբեկչական գործողություններ չեն որակվում, սակայն կասկած չեն թողնում, որ ծնունդ են առել նույն պատճառներից: Ու նաև անկասկած է, որ դրանք իսկական ահաբեկիչների «հոգիներն» են փառավորում:

Հենց միայն Լաս-Վեգասի հանցագործին պատրաստակամորեն ԻՊ-ական հռչակելը Նիլսենի ասածի հաստատումն է ու դեռ մի բան էլ ավելի: Ոչ միայն ահաբեկչական գործողություններ են սադրում ու որոշ մարդկանց դրան դրդում, այլև կամովին իրենց են վերագրում «ինքնագործունեությամբ» իրականացված ահաբեկությունները:

Ահաբեկիչները, ճիշտ է, Սիրիայում ու Իրաքում կորցրին թե′ զավթած տարածքները, թե′ զինավառության ու կենդանի ուժի մեծ մասը, սակայն ոչ մի չափով չեն փոխել չարագործությունների նպատակակետը: Իսկ փոխված գործելակերպը վերլուծելն ու համարժեք պատասխան գտնելը ահաբեկությունների թիրախ պետությունների գործն է, չնայած ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ նրանք իրենց գործն այնքան լավ չեն անում: Արդի գիտությունների անսահմանափակ հնարավորություններն էլ օգտագործում են ոչ թե ներսից սպառնացող այսպիսի «որդերին» բացահայտելու համար, այլ ուրիշ երկրներում թշնամիներ որոնելու ու միմյանց դեմ թրեր ճոճելու: