Եթե չեն հարգում, չեն էլ վախենում

Հերթական հարցումը վեր է հանել ԱՄՆ նախագահի մասին նրա քաղաքացիների կարծիքը: Պարզվում է` ամերիկացինրի համարյա 68%-ը համոզված է, որ Դոնալդ Թրամփը աշխարհի մյուս պետությունների առաջնորդների հարգանքը չի վայելում: Հակառակ կարծիքի է ընդամենը 24%-ը: Մնացած 8%-ը հարցի վերաբերյալ կարծիք չի արտահայտել: Այսպիսին են եղել նոյեմբերի 2-5-ը Սի-Էն-Էն-ի պատվերով անցկացված հարցման արդյանքները, որոնք հրապարակվել են այսօր:

Այսպիսով` ԱՄՆ քաղաքացիների ավելի քան երկու երրորդը համարում է, որ մյուս պետությունների ղեկավարները Թրամփին առանձնապես չեն հարգում: Մինչդեռ ապրիլի 22-25-ին անցկացված նույնանման հարցումի արդյունքները եղել են 36%, 61%, 2% հարաբերակցությամբ` հօգուտ Թրամփի. այսինքն ամերիկացիների 61%-ը հավատացած է եղել, որ իր երկրի նախագահին անվերապահորեն հարգում են դրսի աշխարհում: 

Դոնալդ Թրամփի նախագահության մեկ տարին էլ չի լրացել, իսկ նրա վարկանիշը սեփական երկրում այսքան անկում է ունեցել: Որովհետև եթե մտածում են, որ ուրիշ երկրների ղեկավարները նրան չեն հարգում, պետք է նաև մտածեն, թե ուրեմն նրանից չեն էլ վախենում և կարող են շատ հարցերում նրան դեմ դուրս գալ: Հապա էլ ո՞ւր մնաց բոլորին ղեկավարելու ամերիկյան երազանքը…

Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել (ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը), որ ամերիկացիների 59%-ը դժգոհ է Թրամփի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունից, 48%-ը հավանություն չի տալիս ահաբեկչության դեմ պայքարի եղանակներին, իսկ 58%-ը համոզված է, որ Հյուսիսային Կորեային առնչվող իրավիճակում Վաշինգտոնն անարդյունավետ է գործում: 
Հարցվածների 64%-ը հայտարարել է, որ այս պահին ավելի քիչ է հավատում, թե Թրամփն ի վիճակի է կատարել պետության գլխավորի իր դերը: 55%-ը նշել է, թե նախագահը վատ է գլուխ հանում «նախընտրական քարոզարշավի ժամանակ տված կարևոր խոստումներից»:

Այդ խոստումներից մեկն էլ եղել է համաշխարհային առաջնորդների հարգանքը նվաճելը:

Թե Ճապոնիա, Հարավային Կորեա, այժմ էլ Չինաստան կատարած թրամփյան այցերը նրա վարկանիշի բարձրացմանը որքանո՞վ կնպաստեն` ցույց կտան անցկացվելիք նոր հարցումները: Այս պահին ամերիկացիներին թերևս ամենաշատը հուզում է Հյուսիսասային Կորեայի միջուկային սպառնալիքն ի չիք դարձնելը: Իսկ Թրամփն այս օրերին այնքան զսպվածություն է դրսևորել, որ սովորության համաձայն Կիմ Չեն Ընին վիրավորական մակդիրներով չի բնորոշել, անգամ կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջը:

ԱՄՆ նախագահները սովորաբար երկրի կառավարման գործում իրենց ընտրողներին այնքան են գոհացնում, որ երկրոդ անգամ նախագահ դառնալու հնարավորություն են ստանում: Թրամփն իր ընտրողների քվեները վերանվաճելու համար դեռևս 4 տարի ունի:

Մնում է միայն հույսեր փայփայել, որ այդ տարիները նա կօգտագործի թույլ տված սխալները շտկելու համար, իսկ դրանից կավելանա աշխարհի խաղաղությունը պահպանելու հնարավորությունը: Որովհետև անարդար կլինի մտածել, թե ամերիկյան երազանքը պատերազմ հրահրելն է…