ՆԱՏՕ-ում նոր ծրագրեր են իրականացվում

Հյուսիսատլանտյան դաշինիքին, երևում է, հրամանատարական համակարգն արդեն չի բավարարում: Եվրոպայում և Ատլանտիկայում առավել շարժուն լինելու նպատակով նրան հարկավոր է հրամանատարական նոր կառուցվածք մշակել: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նախարարների հանդիպման առաջին օրվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ գործի մեկնարկն արդեն տրված է: Սթոլթենբերգը նաև նշել է, որ սկսել են կազմել ցանկն այն ամենի, ինչն անհրաժեշտ է ԵՄ-ի տրանսպորտային ենթակառուցվածքները ռազմական նպատակներով ուժեղացնելու համար:

29 երկիր ներառող ռազմական դաշինքի պատասխանատուն խոսել է նաև իր անդամ երկրների քիբերհնարավորությունները համախմբելու գործընթացի մասին. ներուժ, որը մտադիր են կիրառել մարտական գործողությունների ժամանակ: Ու նաև չի բացառել, որ ՆԱՏՕ-ն կարող է, որպես պատասխան ռազմական միջոցառում, կիբեռնետիկական զենք կիրառել: (Սթոլթենբերգի ծրագրերը լուսաբանել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը):

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միայն մեկ հարց չի շոշփել` այդ ո՞ր երկրի կամ ուժի դեմ են իրենք այդպես պատերազմի պատրաստվում: Եթե աշխարհը համակած ահաբեկչական շարժումների ու դրանց ջատագովների դեմ, ապա Սթոլթենբերգի ասած քիբերհնարավորությունները համախմբելն իրոք գործնական օգուտ կարող է տալ: Բայց եթե այսպես նախապատրաստվում են շուտափույթ իրական պատերազմ մղել իրենց երդվյալ հակառակորդների դեմ ու նորից աշխարհը բաժանել հակամարտության երկու ճակատների, ապա ՆԱՏՕ-ի ծրագրերի հաջողությունը միայն չարիքի աղբյուր կրող է դառնալ:

Չպետք է անտեսել, որ «միշտ ուժեղից ուժեղը կա»: Սա արդյո՞ք սպառազինությունների նոր մրցվազքի ազդանշան չի լինի, որի հետևանքներն արդեն մարդկությանը շատ ավելի մեծ աղետներով կպատուհասեն: