Բողոքավոր Ռուսատանը և հետընտրական Հայաստանի վախերը

ՃՆՇԵ՞Լ, ՃՆՇԵ՛Լ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Ռուսաստանը, իհարկե, ինչպես ասում են, իր գլխի ճարը կտեսնի: Մտահոգությունը ավելի շատ Հայաստանին է վերաբերում. նախընտրական Հայաստանում այսօր փողոց, ավելի ճիշտ հրապարակներ են դուրս գալիս՝ միայն քաղաքական գործիչների խոսքը լսելու: Սակայն առջևում հետընտրական օրեր են, իսկ փողոցի բազմակի դառը փորձերը մեզ ոչ մի լավ բան չեն տվել…  

 Այս օրերին Մոսկվան, Ռուսաստանի տասնյակ քաղաքներ հրապարակային պայքար են սկսել կոռուպցիայի դեմ: Ինչպես հայտնի է՝ այս իրադրության մեջ հակահերոսը ՌԴ վարչապետ Մեդվեդևն է, իսկ հերոսը նրան պատկանող անշարժ գույքը բացահայտած ընդդիմադիր Նավալնին: Քանի որ մարտի 26-ի Մոսկվայի հանրահավաքն արտոնված չի եղել, բնականաբար խաղաղ երթ չի ստացվել, և բազմաթիվ ձերբակալություններ են եղել: Մարտի 27-ին արդեն հաղորդվում էր 60 հազարի հասնող ցուցարարների և տարբեր տվյալներով՝ 600-1000 ձերբակալվածների մասին: 15 օրով կալանավորվել է նաև կազմակերպիչ Նավալնին և 20 հազ. ռուբլով տուգանվել: 

 
Պատմության արդի փուլում տարբեր երկրների առօրյայում նման զանգվածային ցույցերն ու խռովություններն այնքան հաճախակի հանդիպող երևույթներ են, որ արդեն պարզապես սովորական են դարձել: Անսովորը թերևս այսպես կոչված միջազգային հանրության կամ արևմտյան տերությունների արձագանքն է: Ավելի ճիշտ՝ ոչ թե անսովոր, այլ սովորական չդարձող: Ամեն անգամ, երբ որևէ երկրի իշխանություն փորձում է կարգի հրավիրել իր չափն անցած քաղաքացիներին, վերը նշված սուբյեկտները անմիջապես սկսում են մեղադրել, թե ինչու եք մարդկանց ձերբակալում, ինչու եք բռնություններ կիրառում: Իսկ թե ինչպես են իրենք նման դեպքերում վարվում՝ ոչ ոք քննարկելու իրավունք չունի: Այս անգամ նույնպես նրանք չեն հապաղել կարծիք հայտնել: 
 
Մոսկվայում հրավիրած ասուլիսի ժամանակ այս երևույթին է անդրադարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 
 
- Դուք ասացիք հանրության արձագանքի մասին: Իսկ ես, անկեղծ ասած, լսել եմ միայն պաշտոնատար անձանց արձագանքը մի շարք եվրոպական մայրաքաղաքներում, Վաշինգտոնում: Հասկանում եք, երբ նույն իրադարձությունները տարբեր արձագանք են առաջացնում, հավանաբար, նորից հիշում ենք երկակի չափանիշերի մասին: Ես չեմ հիշում, որ մեկը մտահոգվեր առնվազն հրապարակային այն որոշումների համար, որոնք վերջերս կայացվել են Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, որոնց իշխանությունները պարզապես արգելել են հանրահավաքներ անցկացնել: Սրանց վերաբերյալ ոչ մեկը ոչինչ չի ասում,-հայտարարել է Լավրովը:
 
Ցանկացած, նույնիսկ ամենաբարգավաճ երկրում, անշուշտ, կա իրավացի բողոքողների ստվար զանգված, որոնց խոսքը հարկ է, որ տեղ հասնի, իսկ խնդիրները՝ լուծում ստանան: Պետությունները, ըստ էության, դրան են կոչված՝ ստեղծել օրենքներ, ձևավորել կառույցներ, կարգ սահմանել, կարգուկանոն պահպանել: Այսօրվա աշխարհում, ցավոք, նման խնդիրները փորձում են փողոց դուրս գալով լուծել: Իսկ այդ անկառավարելի փողոցում միշտ էլ հնարավոր կլինի իրադարձություններին որոշ ուժերի համար ցանկալի ընթացք տալ: