«Դրախտային փաստաթղթերը» դրախտ չեն խոստանում

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ՝ «ՕՖՇՈՐԱՍԵՐ» ԵՐԿՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Աշխարհի խոշոր տերությունների ղեկավարների և նրանց մերձավոր շրջապատի խայտառակությունը դարձած «Դրախտային փաստաթղթերը» դրանից զերծ մնացածներին մղում են ծանրակշիռ քայլեր ձեռնարկել:
 
Ֆրանսիան, օրինակ, ի դեմս ֆինանսների նախարարի, Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել ֆինանսավորումն այն պետությունների, որոնք տեղեկությունների արտահոսքից հետո մեղավորներին հարկային ապաստան կտրամադրեն:
 
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը առաջարկել է համագործակցությունից հրաժարվողների համար հարկային ապաստանների և պատժամիջոցների «հուսալի» սև ցուցակ ստեղծել և վերանայել հարկային ապաստան տրամադրող երկրների ֆինանսավորման հարցը:
 
- Մենք մտածում ենք, օրինակ, միջազգային կառույցների, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, ֆինանսավորումը կրճատելու հնարավորության մասին այն պետությունների համար, որոնք հարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն չեն տրամադրի,- Բրյուսելում ֆիննախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Մեյրը:
 
Սա գուցե շատ լավ առաջարկ է, սակայն մինչ այս բացահայտված Պանամական թղթածրարում ու «Փարադիզ փեյփր» անունն ստացած այս հսկայածավալ թղթապանակում այնքան ազդեցիկ գործիչներ ու հզոր պետություններ են ընդգրկված, որ դժվար է երևակայել, թե նրանք իրենց ամբողջ ազդեցությունը գործի չեն դնի, որպեսզի վիժեցնեն ցանկացած ազնիվ ձեռնարկ: Չնայած, անհատի հզորությունն այնպիսի բան է, որ մեկը կարող է այսօր ալիքի կատարին հայտնվել, իսկ վաղը ջրահեղձ լինել ծովային անդունդի խորքերում: Չէ՞ որ օֆշորային ընկերությունները հենց ուղղակիորեն ծովափնյա տարածքներում են գործում: 
 
Ֆրանսիացի նախարարի այս հրապարակային կոչը, թվում է, միջազգային կառույցները դժվար թե անտեսեն: Սակայն թե դա որևէ գործնական արդյունք կտա՞, և ուրիշ ի՞նչ համարժեք քայլեր կձեռնարկվեն՝ չափն անցած քաղաքական գործիչներին ու անօրինական շահույթի հետևից ընկած պետություններին պատժելու համար՝ դեռ կերևա: Որովհետև բացահայտումն այնքան կարևոր է ու աղմկահարույց, որ չի կարող կարճ ժամանակում մոռացության մատնվել կամ անհետևանք անցնել: