21-րդ դարն էլ եզդիների ցեղասպանությամբ արատավորվեց

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների գլխավոր թիրախներից էր տարածաշրջանի եզդի բնակչությունը: Վերջին 4-5 տարում նրանց նկատմամբ իրագործվեց իսկական ցեղասպանություն՝ ավելորդ անգամ ապացուցելով, որ անպատիժ մնացած ոճիրները կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ վրա չի հասել հատուցումը:
 
Ցավոք՝ Հայոց ցեղասպանությունն ուրացող մարդկությունը դեռևս շատ անգամներ է նման կործանարար իրադրությունների բախվելու:
 
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման ժամանակ իրենց ազատությունն են վերագտել ահաբեկիչների մոտ պահվող 500 եզդի կին ու երեխա: 
 
Ազատագրված եզդի կանանց մասին լուրը հրապարակել է gazetekarinca.com կայքը: Մեր «լուսավոր» աշխարհի հայացքի առջև ԻՊ ահաբեկիչները 2013թ. ի վեր իրենց մոտ հայտնված եզդիներից շատերին ուղարկում էին Իրաքի Մոսուլ և Թել Աֆար քաղաքները կամ վաճառում հենց Ռաքքայում ստեղծված ստրուկների շուկայում: Իսկ ականատեսները պատմել են, որ ԻՊ-ականները ստիպողաբար առանձնացրել են եզդի ընտանիքների երեխաներին ու խլել ծնողներից: Այս ձեռագիրն այնքան ծանոթ է, ասես 100 տարի առաջվա թուրքական գործելակերպն են վերաշարադրում:
 
Բարեբախտաբար, ահաբեկիչների մայրաքաղաքը համարվող Ռաքան, որտեղ նաև ամենամեծ ստրկատիրական շուկան է գործել, արդեն ազատագրվել է: Քաղաքի ազատագրմանը մասնակցել է նաև «Շենգալի եզդի կանանց զինված միավորումներ» խմբավորումը: 
 
Ազգային ու կրոնական ատելության հողի վրա մարդկանց ոչնչացնելու տենդը մեր մոլորակի վրա նոր թափ է ստացել ու հանդարտվելու նշաններ ցույց չի տալիս: «Իսլամական պետության» զինյալները, ճիշտ է, Սիրիայում ու Իրաքում պարտվեցին, սակայն չեն պակասել ո՛չ ահաբեկիչներին սնունդ տվող ատելությունը, ո՛չ էլ սեփական կեղտոտ շահերի համար նրանց զենք ու այլ հնարավորություններ տրամադրողները: Այնպես որ՝ մարդկությունը դեռ քաշելիք ունի, քանի դեռ չի կարողացել գիտակցել, թե որն է իր շահը և որը՝ վնասը: