Ֆինները չեն ուզում ՆԱՏՕ-ին անդամակցել

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն գործընկեր է: Ու այժմ երկընտրանքի առջև է կանգնած` հարկավո՞ր է անդամության հայտ ներկայացնել, թե՞ պետք է բավարարվել սոսկ գործընկերությամբ: Վիճակագրությունը ցույց է տվել, որ ֆինլանդացիների մեծամասնությունը դեմ է անդամ դառնալուն:

Helsingin Sanomat թերթի անցկացրած հարցումներով` Ֆինլանդիայի բնակչության 59%-ը չի աջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, իսկ 22%-ը ցանկանում է, որ իր երկիրն այդ ռազմական դաշինքի լիիրավ անդամը դառնա: Ընդ որում հարցվածների 52%-ը Ֆինլանդիայի անդամակցությանը դեմ է անգամ այն պարագայում, եթե հարևան Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվի:

ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ են եղել հարցվածների բոլոր խմբերում` կին ու տղամարդ, երիտասարդ ու ծեր, քաղաքի ու գյուղի բնակիչներ, աշխատողներ ու գործազուրկներ: Քաղաքական կուսակցություններում նույնպես Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը կարևոր չեն համարում: Մինչդեռ ավելի վաղ երկրի վարչապետ Յուհա Սիպիլյան հայտարարել էր, թե Հյուսիսատյանտյան դաշինքին միանալու հայտը զանգվածային աջակցության կարժանանա:

ՆԱՏՕ-ի հետ սոսկ գործընկեր լինելու կողմնակիցն է նաև ընդդիմադիր «Ձախ միություն» կուսակցությունից Ֆինլանդիայի նախագահի թեկնածու Մերյա Քյուլենենը:

- Ուղղակի անհեթեթ իրավիճակ է առաջացել, քանի որ մենք մեր պաշտպանության քաղաքականությամբ շարժվում ենք դեպի ՆԱՏՕ, մինչդեռ հասարակական կարծիքը միանգամայն այլ է,- նույն Helsingin Sanomat թերթին ասել է տիկին Քյուլենենը:  

Նախագահի  թեկնածուն ավելացրել է, թե կցանկանար, որ քաղաքական գործիչներն ավելի ազնիվ լինեին և չփորձեին գաղտնի կերպով ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ հարաբերություններ կառուցել:

Բալթյան երկիր Ֆինլանդիայի անվտանգությունն այս պահին երևի վտանգված չէ, և նրա համար իր ռազմական անկախությունն ավելի կարևոր է: Նույնը չես ասի շատ այլ երկրների մասին: Հյուսիսատլանտյան դաշինքը, իհարկե, բոլորին գրկաբաց ընդունելու ցանկություն չունի, սակայն անշուշտ մեծ ցանկություն ունի բոլորին իր ազդեցության ոլորտում պահել:

Կարծես թե ավելի շատ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մարմաջ ունեն հետխորհրդային և նախկին սոցիալիստական ճամբարի երկրները: Իսկ ամենաշատն այդ մասին երազում է մեր հարևան Վրաստանը, որը, թերևս, դա է համարում քսաներորդ դարի սկզբին նվեր ստացած իր տարածքների պահպանման գրավականը: Առանց այն էլ արդեն որոշ տարածքներ նրա կազմից դուրս են հայտարարվել: Մտածում է` ՆԱՏՕ-ի անդամ դառնա, Ռուսաստանն իր դեմ խաղ չի ունենա:
Ու դրանով տարված` չի էլ նկատում, որ ամենայն վրացական արդեն կուլ է գնում թուրքադրբեջանական միջավայրին: Ասում են` այդ գործընթացի վերջակետը դնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը, որին մեր տարածաշրջանի ու միջինասիական թուրքական պետությունների ղեկավարների հետ միասին մեկնարկ տվեց Վրաստանի ղեկավարությունը:

Այս տեսանկյունից հետաքրքիր է` ի՞նչ արդյունքներ կունենար նման հարցումը Վրաստանում, ապաև Ադրբեջանում, իսկ վերջում` Հայաստանում: