Ո՞ւր կհասցնի պետությունների հզորամոլությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, թե երկրի վերազիման համար հարկավոր է խոշոր միջոցներ հատկացնել, ինչն իրենց հնարավորություն կտա դառնալ շատ ավելի հզոր, քան մինչ այդ երբևէ եղել է: Կիրակի օրը Թրամփը հարցազրույց է տվել ABC հեռուստաալիքին` ասելով, թե ԱՄՆ-ը այժմ զինված ուժերի վրա մեծ միջոցներ է ծախսում.

- Մենք նոր նավեր, ահռելի քանակությամբ ինքնաթիռներ ենք գնում։ Մենք ունենք աշխարհի մեծագույն ինքնաթիռը` F-35-ը։

Իսկ քանի որ Թրամփի ղեկավարած պետությունն աննախադեպ հզորանալու այդպիսի ընթացք է որդեգրել, նրա համար այլևս վտանգավոր չէ անգամ Հյուսիսային Կորեան: ԱՄՆ նախագահին շատ է վշտացրել հիշատակումն այն վիճակագրության, ըստ որի երկրի քաղաքացիների ուղիղ կեսը հավատում է, որ ԿԺԴՀ-ն կարող է հարձակման դեպքում միջուկային զենք կիրառել:

- Ցավալի է, որ նրանք այդքան շատ են: Ոչ, ես բացարձակ համաձայն չեմ,- շեշտել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Չինաստան է մեկնում և վստահություն է հայտնել, որ այդ երկիրն ու նրա իշխանությունները նույնպես այդ ուղղությամբ աշխատում են:

Ապա և համոզված հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայի խնդիրը ԱՄՆ-ը կլուծի, և այդ երկիրը միջուկային զենք չի կիրառի:
Հյուսիսային Կորեայում, սակայն, իրերի դրությունն այլ կերպ են գնահատում: «Նոդոն սինմուն» թերթը, օրինակ, կարծիք է հրապարակել, ըստ որի «խելքից զրկված» Դոնալդ Թրամփին կանգնեցնել հնարավոր է` միմիայն ֆիզիկական ուժ գործադրելով:

Սա պատասխան է Թրամփի այն հայտարարությանը, թե շուտով պետք է որոշում ընդունի ԿԺԴՀ-ն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու մասին` Փհենյանը համարելով ծանր սպառնալիք ամբողջ աշխարհի համար: Ու հիմա, ըստ Թրամփի, Վաշինգտոնը փոխում է խնդրի նկատմամբ իր մոտեցումը, քանի որ վերջին 25 տարիներին ԿԺԴՀ-ի հանդեպ «բացարձակապես թույլ» քաղաքականություն է վարել: Ըստ  հյուսիսկորեական թերթի` զառամախտով տառապող Թրամփն ի վիճակի չէ խելամիտ որոշումներ կայացնել և խոսք չի հասկանում:

- Եթե ԱՄՆ-ը մեր գերհզոր կամքը հաշվի չառնի և փորձի անզգուշորեն հարձակվել, մեզ ոչինչ չի մնա, քան դաժանորեն ու վճռականապես պատժել նրանց: ԱՄՆ-ը դրան դիմակայելու ուժ չունի: Երբ գործը դրան հասնի, ոչ մի զղջում ԱՄՆ-ին չի օգնի,- սպառնում է հրապարակումը:

Իսկ աշխարհին մնում է շունչը պահած սպասել, թե ինչը կարող է կանխել առճակատումը ռազմական ահռելի հզորության տեր երկու անզիջում պետությունների միջև: Չէ՞ որ նրանք կարող են իրար դեմ այնքան զենք ու զինամթերք դուրս բերել, որն ի զորու է մի քանի ժամում կործանել ամբողջ մոլորակը: