Ադրբեջանը վերստին քննադատությունների թիրախում է

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թեհրանում փայլատակում էր Ռուսաստանի և Իրանի իր պաշտնակիցների ներկայությամբ, միջազգային ու տեղական տարբեր կառույցներ, լրատվամիջոցներ այդ նորելուկ պետության իրական դեմքն էին «ցուցադրում»: 
 
Ալիևի բախտն ուղղակի չբերեց. նոյեմբերի 2-ին, պարզվում է, մարդկությունը նշում է հանցագործությունների զոհ դարձած լրագրողների օրը՝ դատապարտելով դրա համար անպատժելիությունը: Իսկ աշխարհում անազատության մեջ պահվող ամենաշատ լրագրողները Ադրբեջանում և նրա վաղեմի հովանավոր Թուրքիայում են:
 
Օրվա խորհուրդը ԱՄՆ Պետքարտուղարությունը խտացրել է Ադրբեջանի օրինակով: Ըստ Ամերիկայի արտաքին գերատեսչության հայտարարութան՝ Ադրբեջանում լրագրողների վրա 10 հարձակումներից 9-ը բացահայտված չէ: Սա, թերևս, անպատժելիության իսկական ռեկորդ է: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
 
- Իրենց մասնագիտության պատճառով լրագրողները հաճախ են ենթարկվում սպառնալիքների նրանց կողմից, ովքեր ուզում են նրանց լռեցնել։ Աշխարհի չափից շատ վայրերում են լրագրողների դեմ հանցագործությունները մնում անպատիժ։
 
Ադրբեջանի համար անհաճո մեկ այլ բացահայտում էլ արվել է ականազերծման հարցերով զբաղվող գործակալության աշխատանքների առնչությամբ: «Ազերի փրես»-ի հրապարակումը հաստատում է, որ ANAMA-ի (Azerbaijan National Agency for Mine Action) ղեկավարությունը թալանում է պետության բյուջեն՝ իր աշխատակիցներին կրկնակի աշխատավարձեր վճարելով, գործին չմասնակացած աշխատակիցներին ուտելիքի համար փոխհատուցում դուրս գրելով, կեղծ գործուղումներով, փոխադրամիջոցների վառելիքի չափաքանակը չարաշահելով և այլն: Խախտվել է նաև պետական հայտամրցույթների մասին օրենքը: 
 
Ամբողջ Ադրբեջանը որպես Ալիևների ընտանեկան բիզնեսի ասպարեզ է ներկայացրել Currenttime.tv ռուսալեզու կայքի լրագրողուհի Շահիդա Յակուբը ավելի քան 30 րոպեանոց իր ռեպորտաժում: «Ադրբեջան. ընտանեկան բիզնես» վերնագրված տեսանյութում շեշտադրվում է այն միտքը, թե Ադրբեջանում գրեթե ամենը, ինչը եկամուտ է բերում, պատկանում է նախագահի ընտանիքին կամ նրա մտերիմների նեղ շրջանակին: Ու մինչ նրանք հարստանում են, պետության սոցիալ-տնտեսական խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում: Այդ պատճառով էլ Ալիևների վարչախմբի հանդեպ դժգոհությունն աստիճանաբար աճում ու դուրս է թափվում փողոցներ։
 
Ինչ վերաբերում է Իրանում Ադրբեջան պետության նվաճած հաղթանակներին՝ «ի հեճուկս հայերի», ապա տարբեր իրանագետներ ու վերլուծաբաններ այդ հարցում հիմնավոր կասկածներ են հայտնում: