Հիմա էլ ռոբոտներն են մարդկանց աշխատատեղերը խլելու

Իհարկե, որակյալ մասնագետների անգործությամբ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին չես զարմացնի: Բայց այնուամենայնիվ, տասնյակ հազարավոր, հետագայում արդեն երևի միլիոնավոր մարդկանց գործազրկության հետևանքներից հարկավոր է զգուշանալ: Դիցուք, Հարավային Կորեայում մտածում են ռոբոտների հարկ սահմանել, քանի որ դրանք մարդկանցից խլում են աշխատատեղերը:

Գործազրկությունը կապիտալիզմի, թերևս, ամենածանր բեռն է:

Առաջներում, երբ գրեթե ամեն ինչ ստեղծվում էր ձեռքի աշխատանքով, աշխատող ձեռքի պակաս միշտ էր լինում: Սակայն այս տեսանկյունից առաջին մեծ հարվածը մարդկությունն ստացավ 18-րդ դարում, երբ մանուֆակտուրաներում սկսեցին հաստոցներ ներդնել և  մի քանի հարյուր բանվորի աշխատանքը փոխարինեցին մանածագործական մեկ հաստոցոով:

Մեր օրերում էլ մարդուն փոխարինելու են գալիս ռոբոտները: Ու նրանք ավելի շատ աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնան, քան արտադրական գործընթացների մեքենայացման ժամանակաշրջանում էր:

Արդեն հնչել է առաջին ահազանգը` Ճապոնական ընկերությունները մտադիր են տասնյակ հազարավոր աշխատակիցների փոխարինել ռոբոտներով: korrespondent.net-ի տեղեկացմամբ` Ճապոնիայի ֆինանսական ընկերությունները սկսել են իրենց գործի ավտոմատացումը: Ենթադրվում է, որ նրանք ռոբոտներով ու ծրագրային քայլաշարերով կփոխարինեն մի քանի տասնյակ հազար աշխատակցի:

Ահա մեկ օրինակ. Mizuho Financial Group հոլդինգային ընկերությունում 2021թ. ռոբոտները կփոխարինեն 8000 աշխատողի, իսկ մինչև 2026թ. առաջադեմ տեխնոլոգիաները աշխատանքից կզրկեն արդեն 19 000 ճապոնացու:

Sumitomo Mitsui Financial Group բանկային կորպորացիայից էլ մինչև 2020թ. աշխատանքից կազատվի 4000 աշխատող: Նրանց փոխարեն կաշխատեն ծրագրերը: Bank of Tokyo-Mitsubishi UFJ-ն նույնպես զանգվածային կրճատումներ է նախատեսում` նպատակ ունենալով ավտոմատացնել 9500 աշխատատեղ: Սրանցից բացի, ծրագրերը կփոխարինեն բանկային մասնաճյուղերի աշխատակիցների ևս 30%-ին:

Տասնյակ հազարավոր այս աշխատողների մեծ մասը, հավանաբար, որակյալ մասնագետներ են, ովքեր բավական թանկ կրթություն են ստացել տարբեր ուսհաստատություններում: Ի՞նչ է մնալու նրանց` դիպլոմները բարձի տակ դնել և քաղցից չմեռնելու համար թալանո՞վ զբաղվել: Համալրել ահաբեկիչների շարքե՞րը:

Այ, եթե յուրաքանչյուր ներդրված ռոբոտի համար այնքան հարկ սահմանվի (չէ՞ որ ներդնողը հսկայական շահույթ է ստանալու), որ դրա գումարներով պետությունները նպաստներ վճարեն անգործ մնացած բնակչությանը, գործազրկությունն էլ պատմության գիրկը կանցնի: Բայց պետությունները պետք է նաև պարապ մնացած իրենց քաղաքացիների համար զբաղմունքներ գտնեն: Չէ՞ որ անգործ մնացած մարդուց լավ բան սպասել չի կարելի: