ՆԱՏՕ-ն ու Սեուլը թարմացնում են համագործակցությունը

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Ճապոնիայից ժամանել է Հարավային Կորեա:

Կորեական թերակղզու հարավային այս պետություն ՆԱՏՕ-ի ղեկավարի այցը վավերացվել է 2012թ. ստորագրված փաստաթղթի նորացմամբ: Այդ փաստաթուղթը, որը կոչվում է գործընկերային համագործակցության անհատական ծրագիր, Սեուլի կողմից ստորագրել է արտգործնախարար Կան Գյոն Հվան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարավային Կորեայի ԱԳՆ-ն:

Նոր փաստաթուղթը նախատեսում է փոխանակել այցելություններ ու տեղեկատվություն, ինչպես նաև` փոխգործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  քիբերանվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչությանը հակազդելը, աղետների ժամանակ մարտկանց փրկելը և ռազմաքաղաքական սերտաճումը:

- Հուսով ենք` մեր երկիրն ու ՆԱՏՕ-ն, որոնք դավանում են խաղաղության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ընդհանուր արժեքներ, համագործակցության ծրագրի վերանայման միջոցով առավել կամրապնդեն ապագային միտված համագործակցությունը: Եվ դա կանեն ոչ միայն Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը կարգավորելու, այլև քիբերանվտանգությանը, ահաբեկչությանը և մյուս սպառնալիքներին հակազդելու հարցերում,-նշվում է Հարավային Կորեայի ԱԳն հաղորդագրության մեջ։

Հարավային Կորեան իր հյուսիսային եղբայրակից պետությունից զգուշանալու ծանրակշիռ պատճառներ ունի: 99%-ով կորեացինեով բնակեցված կղզում 1948թ. սեպտեմբերից երկու պետություն է առկա` իրար դեմ թշնամանքով լցված ու անընդհատ հակամարտությունների մեջ: Հյուսիսային Կորեան արդեն միջուկային զինանոց է ստեղծել և սպառնում է դրանով ջնջել ԱՄՆ-ը: Հարավային Կորեան հենց օրերս հայտարարեց, թե այնտեղ ատոմային զենք ստեղծելու մտադրություն չկա:

Միջուկային զինանոց ստեղծել ամեն երկիր չի կարողանա, սակայն պաշտպանվելու համար ուրիշ երկրների կամ կազմակերպությունների հետ համագործակցել կարող է: Թերևս ՆԱՏՕ-ի ու Սեուլի փոխադաևրձ շահն էլ հենց սա է` համագործակցել ընդդեմ Փհենյանի: Ճիշտ է` ստորագրված փաստաթղթում այդ մասին ոչ մի ակնարկ չկա, սակայն երբեմն տողատակերին ավելի շատ բան է ասվում, քան բուն փաստաթղթերում:

Ուշագրավ է, որ ո′չ Ճապոնիան, ո′չ Հարավային Կորեան ՆԱՏՕ-ի կազմում չեն: Հյուսիսատլանտյան դաշինքը, սակայն, երբեք չի հապաղում ձեռքերը հասցնել մոլորակի ցանկացած կետ, որպեսզի փորձի իր ազդեցության ոլորտ ներառել ամենատարբեր երկրների: Լավագույն տարբերակը, իհարկե, այն կլիներ, որ աշխարհի բոլոր պետությունները, ներառյալ ՌԴ-ն, դառնային դաշինքի անդամ: Այդ ժամանակ չէր մնա մեկը, ում դեմ ՆԱՏՕ-ն զինվեր ու հզորանար, աշխարհում էլ գուցե խաղաղություն  հաստատվեր: