Իրաքում Իսրայելի դրոշն այլևս արգելված է

ՊԱՏՃԱՌԸ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է

Հոկտեմբերի 25-ի քրդական հանրաքվեն Իրաքում շատ բան փոխեց:

Իրաքի Քրդստանը ցանկացավ իր ինքնավարությունը անկախությամբ փոխարինել, սակայն դեմ առավ կենտրոնական իշխանությունների լուրջ դիմադրությանն ու հակադարձությանը:

Բաղդադը նախ ձեռնարկեց վիճելի շրջաններում իր վերահսկողությունը հաստատելու գործը, և զենքի ուժով նախ նվաճեց նավթով հարուստ Քիրքուքի շրջանը: Քրդական փեշմերգա-զինուժին էլ առաջարկեց կամ միավորվել Իրաքի զորքերի հետ և ենթարկվել նրա հրամանատարությանը, կամ հաշտվել իրեն վերպահվելիք խղճուկ դերի հետ:

Իսկ ահա նոյեմբերի 1-ին Իրաքի խորհրդարանը հաստատել է արդեն ընդունված օրենքի գործարկումը, համաձայն որի Իսրայելի դրոշը հրապարակավ ցուցադրելը քրեականացվում է: Սա պետական բոլոր գերատեսչությունների համար պարտադիր օրենք է, բայց թե ինչ պատիժ է սահմանում` չի հաղորդվել (տեղեկությունը հրապարակել է իսրայելական «Հաարեց»-ը):

Իրաքի խորհրդարանի այս որոշումը նույնպես առնչվում է քրդական հանրաքվեին: Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ի քվեարկության ժամանակ ամենուր հրեական դրոշներ են ծածանվել: Ուշագրավն այն է, որ տարածաշրջանի իրադարձությունները վերլուծող որոշ միջազգայնագետներ նշում են, թե Իսրայելը առայժմ չի արդարացնում հույսերը, որոնք նրա հետ կապում էին անկախ պետություն ունենալու ձգտող քրդերն ու նրանց առաջնորդները: Իսկ որ այդպիսի հույսեր եղել են` վկայում է հանրաքվեի օրը Իսրայելի դրոշների զանգվածային օգտագործումը:

Թե Իրաքի խորհրդարանի այս որոշմանն ինչպես կարձագանքի Իսրայելի կառավարությունը` ցույց կտա ապագան: Սակայն սա ըստ երևույթին քաղաքական նոր աղմկահարույց պատմություն չի դառնա, քանի որ Իրաքն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Ճիշտ այնպես, ինչպես տարածաշրջանի այլ պետություններ: