Բաքվի միապետը Իրանին վստահություն ներշնչելու պարտավորություն ունի

ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Օրերս Ադրբեջանում գործարկվեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, որը Բաքվի իշխանավորների կողմից բնութագրվում է որպես այլընտրանք` դեպի Եվրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի:

Այսօր, սակայն, Թեհրանում, երևի այդ և նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Բաքվի իշխանավորը հատկապես Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնավոր պատճառների փնտրտուքներով է տառապելու:

Բաքվի միապետը հատկապես թեհրանյան նիստի  հյուրընկալ կողմին` Իրանին, վստահություն ներշնչելու պարտավորություն ունի, քանզի նույն տարացիկ, թե էներգետիկ նախագծերի գործարկման հաշվին, փաստացիորեն ներգրավված է պահում Իրանի ստրատեգիական հակառակորդ ու թշնամի երկրին` Իսրայելին: Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ նույն` «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով ու ապագայի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով Իսրայելին էներգետիկ ապահովագրումը` նույնինքն Ադրբեջանի կողմից:

Թեհրանյան եռակողմ հանդիպմանը Բաքուն Ռուսաստանին ու հատկապես Իրանին հավաստիքներ տալու պատասխանատվության ու հարկադրանքի տակ է գտնվում: Իսկ տնտեսական էներգետիկ ու տարանցիկ ուղիների գործարկման երաշխիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդրոյ առարկայ տարածաշրջանում քաղաքական կայունությունն ու խաղաղության ապահովությունը, որից, մեղմ ասած, Բաքուն խորշում է ըստ ամենայնի` Արցախյան հիմնահարցում մշտապես ագրեսորի պահվածք դրսևորելով ու այդկերպ` տարածաշրջանային խաղաղությանը սպառնալիք հանդիսանալով:

Ահավասիկ.

Թուրք-ադրբեջանական համատեղ շահերի համատեքստում ու նավթադոլարների հաշվին նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-էներգետիկ պարտնյորի կարգավիճակում գտնվելու Բաքվի ջանքերը լոկ իմիտացիաներ են` 2018 թվականի նախագահական «ընտրություններում» ալիևյան ընտանիքի հաղթանակն ապահովելու նպատակով: Իսկ այդ նպատակին հասնելու համար, վերջիններս մշտապես սեփականաշնորհում են թե′ ներքին, թէ′ արտաքին տնտեսա-քաղաքական բոլոր ռեսուրսները շահագործելու իրավունքը...:
 

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր