Միջուկային պատերազմը գուցե դիվանագիտությամբ կանխվի

ՓՈՐՁՎԱԾ ԱՅՍ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԱՐԾԵՍ ՄՈՌԱՑՎԵԼ Է

Կիմ Չեն Ընի վրա, ասում են, Թրամփի ծաղրն ու սպառնալիքները առանձնապես տպավորություն չեն թողնում: Փոխարենը՝ արդեն միջազգային կառույցներում են խոսում, որ Հյուսիսային Կորեայի հրթիռների համար հասանելի են դարձել անգամ Եվրոպայի, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները:
 
ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջուկային առճակատումը շարունակում է մնալ մոլորակի ապահովությանն սպառնացող գլխավոր վտանգը: Ուստի զարմանալի չէ, որ թեև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսիային Կորեայի իշխանությունների հետ երկխոսությունը համարել է ժամանակի անիմաստ կորուստ, այնուամենայնիվ պետքարտուղարության դիվանագետները շարունակում են ուղիղ բանակցություններ վարել Փհենյանի հետ (նման տեղեկություն է տարածել ռուսական «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Պետքարտուղարության իր աղբյուրին):  
 
Աղբյուրի վկայությամբ՝ օգտագործելով կապի այսպես կոչված նյույորքյան գիծը՝ ԿԺԴՀ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Յունը ՄԱԿ-ում հանգիստ շփվել է հյուսիսկորեացի դիվանագետների հետ, չնայած այդ նույն ընթացքում Թրամփն առանց քաշվելու ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տալիս: Օրինակ, համառորեն նրան կոչում էր «մարդուկ-հրթիռ» և սպառնում նրա պետության վրա «ցասում ու կրակ» թափել՝ եթե Փհենյանը փորձի հարվածներ հասցնել իրեն կամ իր դաշնակիցներին:
 
Այնպես որ, իրենց գործունեության ընթացքում շատ բան տեսած ամերիկյան դիվանագետները, թերևս, մի բան գիտեն, որ իրենց նախագահի անհավասարակշիռ պահվածքը մի կողմ թողած՝ փորձում են հնարավորինս ձգձգել միջուկային հարվածի պահը, որպեսզի հետո հնարավոր լինի այն ընդհանրապես բացառել: 
 
Ի վերջո՝ հիմա 1945 թվականը չէ, որ ԱՄՆ-ը ատոմային ռումբերով ահաբեկի ամբողջ աշխարհը և համարժեք պատասխան չստանա: ԱՄՆ-ի այն ժամանակվա միջուկային արկածախնդրության պտուղները նույն աշխարհը հիմա է քաղում՝ այժմ արդեն միջուկային քանի՞ պետություն կա: Այսօր էլ, ինչպես Առաջին համաշխարհայինի ավարտին, Միացյալ Նահանգները կարծում է, թե մոլորակի ապահովության ամենացցուն երաշխիքն իր միջուկային զինանոցն է: Մի բան, որ ճշմարտության հետ առնչություն չունի: