Ինչպե՞ս է ահաբեկիչների դեմ պայքարում Թուրքիան

Սիրիան աստիճանաբար մաքրվում է ահաբեկիչներից: Միաժամանակ ավելի որոշակի են դառնում, թե ահաբեկիչների դեմ պատերազմ հայտարարած տարբեր պետություններ ինչ «ձկներ» են փորձում որսալ պղտորված ջրերում:
 
Այսպես, երեկ Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ շատ ուղղակի մեղադրանքներ են հղվել Թուրքիային ու ԱՄՆ-ին: Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար և ՄԱԿ-ում նրա մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին հայտարերել է, թե Դամասկոսում համոզված են, որ Անկարան Իդլիբում համագործակցել է ահաբեկչական «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման հետ, ուստի Իդլիբում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են «նախահարձակում և բռնազավթում»:
 
- Փոխանակ հետևելու Աստանայում ձեռք բերված համաձայնության վեցերորդ փուլին, այն է՝ դեմ դուրս գալ «Ջեբհատ ան-Նուսրա» և մյուս ահաբեկչական խմբավորումներին, Թուրքիան Իդլիբում համագործակցել է «ան-Նուսրայի» հետ: Իդլիբում Թուրքիայի ռազմական ներկայությունը մենք դիտում ենք որպես նախահարձակում և բռնազավթում: 
 
Նա մեղադրանք է հնչեցրել նաև Միացյալ Նահանգների հասցեին:  
 
- Ամերիկյան ներկայությունը նույնպես բռնազավթում է: Օրինակ Դեր-Զորում ԱՄՆ-ի կոալիցիան իր գործողությունները համաձայնեցրել է ԻՊ-ի հետ, որպեսզի ԻՊ-ին հնարավորություն տա զավթելու լեռներում գտնվող տվյալ տարածքը,- ասել է Սիրիայի ներկայացուցիչը:
 
Թուրքիան, բնականաբար, մտածում է հարյուրամյակներ և տասնամյակներ առաջ իր զավթած տարածքներն ընդլայնելու մասին: Եվ եթե այժմ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, ինչո՞ւ չօգտվի: Չէ՞ որ միշտ էլ սա է եղել թուրքի գործելակերպը՝ օգտվել իրադրությունից ու հզորանալ: 
 
1915թ. ևս Թուրքիան օգտվեց համաշխարհային պատերազմի «նպաստավոր» պայմաններից, որպեսզի Հայաստանի տարածքի գրեթե 9/10-ը միացնի իրեն, դրանից հետո էլ մի համեղ պատառ իր եղբայրացու Ադրբեջանի համար պոկի: Այն էլ այնպիսի միջոցներով, որ այժմ Երևանում գտնվող թուրք մտավորականը ասում է՝ Թուրքիան ցեղասպանությունը երբեք չի ընդունի, քանի որ ոչ մեկը չի ուզում մարդասպանի թոռ լինել: Փաստորեն մարդասպանի թոռ լինելու մտքից վախենում են, սակայն նոր մարդասպանություններին նպաստելուց, ահաբեկիչների հետ համագործակցելուց չեն խուսափում:
 
Նշանակում է՝ Թուրքիան և իրեն թուրք համարող անհատը դեռևս շատ հեռու են մարդասպանի պիտակից ազատվելուց: Որովհետև ինչքան էլ իրենք դա չեն ասում՝ մտածելով, թե այդպիսով մաքրվեցին, նրանց պատմությունը գրվել է արյունով ու թալանով, այդպես էլ դեռևս շարունակվում է: Ու հիմա Սիրիայի կառավարությունը փորձում է միջազգային հարթակում ճշմարտությունը ջրի երես հանել: Տեսնենք՝ ինչքանո՞վ կհաջողի: