Մարդ մնալու միակ վայրը մեր մոլորակն է

ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՔՈ «ԵՍ»-Ը ՔԵԶ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ԿԱՄ ԳՈՒՑԵ ՆՈՐ ԴՈՒՌ Է ԲԱՑՈՒՄ

Մեր դարում մոլորակին սպառնացող վտանգներն այնքան բազմաթիվ են ու ահռելի, որ շատերն են սկսել մտածել, թե նրա կործանումից հետո հնարավոր կլինի մարդկության կյանքը շարունակել տիեզերքի մեկ այլ կետում: Իսկ որքանո՞վ է դա հնարավոր և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Բնականաբար, այս հարցերը նույնպես մարդուն հետքրքրում են:
 
Տիեզերագնաց Սքոթ Քելլին մեկն է երկվորյակ եղբայրներից: Նա մասնակցել է ՆԱՍԱ-ի անցկացրած հետազոտությանը, որի նպատակն է եղել պարզել, թե տիեզերքում որոշ ժամանակ ապրելուց հետո մարդու մարմինը ի՞նչ փոփոխություններ է կրում: «Բիզնես ինսայդեր»-ի հրապարակման համաձայն՝ Սքոթի հասակը 5 սմ-ով ավելացել է: Դա, սակայն, «չարյաց փոքրագույնն է»: Պարզվում է՝ փոփոխվել է Սքոթի ԴՆԹ-ն, այսինքն ժառանգականությունը: 340 օր տիեզերքում ապրելուց հետո՝ Սքոթն այժմ իր երկվորյակ եղբորից տարբերվող ժառանգականության կրող է:
 
Երկվորյակների առեղծվածային նմանությունը մարդուն միշտ է հետաքրքրել, համեմատությունները դարձել են գիտական հետազոտությունների նյութ: Այդպիսի մի հետազոտություն, օրինակ, պարզել է, որ ծննդյան օրից իրարից անջատ ու տարբեր միջավայրերում մեծացած եղբայրները հետագայում իրենց համար զբաղմունք են դարձրել կողոպուտը, ընդ որում երկուսն էլ գերադասել են գողոնը հանել կողպեքով փակված բնակարանից, և կողպեքը բացել են նույն գործիքով: 
 
Երկիր մոլորակի վրա, փաստորեն, ժառանգությունն իր գործն անում է՝ որ կետում ու շրջապատում էլ մարդը հայտնվի: Այսինքն՝ դու նույն մարդն ես, քանի ապրում ես Երկիր մոլորակի վրա: Իսկ տիեզերքում քո «ես»-ը քեզ դավաճանում է կամ գուցե նոր հնարավորությունների դուռ է բացում: Սա էլ՝ նայած տիեզերքի անծայրածիր հեռուների որ կետում ես հայտնվել: 
 
Ուրեմն չի բացառվում, որ մեր մոլորակն անհեռատեսորեն կործանելուց հետո մարդկությունը ավելի լավ կյանքի հույսով բնակություն հաստատի ուրիշ երկնային մարմնի վրա, սակայն այնտեղ նրա ԴՆԹ-ն այնպես վերափոխվի, որ մերօրյա մատկերացումներով մարդ բառին այլևս չհամապատասխանի:
 
ՆԱՍԱ-ի այս գիտափորձը կարծես հորդորում է՝ փայփայել մարդկության տուն Երկիրը, որպեսզի մարդը մարդ մնա: Իսկ դրա համար հարկավոր է, որ աշխարհի բնակչության ժառանգականությունից բացառվեն շահամոլությունն ու ռազմատենչությունը: Ու քանի որ տիեզերքում նման հատկանիշներ մշակող տեղանքի կոորդինատները գտնելը դժվար է, մարդը պետք է բացահայտի ինքնադաստիարակվելու ճանապարհը: