Ինչպե՞ս կանխել մոլորակի «ինքնասպանությունը»

ԱՄՆ-ի և Հյուսիսասյին Կորեայի միջև տեղի ունեցող միջուկային առճակատումը մտահոգել է նաև Հռոմի պապին: Նոյեմբերի 10-11-ը Վատիկանում նախատեսված է գիտաժողով, որի գլխավոր թեման կլինի աշխարհին սպառնացող միջուկային աղետը: Մասնակիցների թվում կլինեն Նոբելյան մրցանակի 11 թեկնածու, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Վատիկանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ գիտաժողովը միայն մի մասն է այն ջանքերի, որոնք իրենք գործադրում են հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի առաջխաղացման: Միայն թե մամուլի քարտուղար Գրեք Բերկը ժխտել է, թե սրանով Պապը ջանում է երկու միջուկային երկրների միջև միջնորդի դեր ստանձնել:
 
Մինչդեռ Ֆրանցիսկոս Առաջինը իրավիճակը շատ պատկերավոր է բնորոշել՝ ասելով, թե այդ առճակատումը մարդկությանը տանում է դեպի ինքնասպանություն: Այս մասին Պապը խոսել է երեկ, երբ այցելել է գիտաժողովի կազմակերպմամբ զբաղվող շտաբ-բնակարան: Ֆրանցիսկոսնը այն կարծիքին է, որ եթե ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումը շարունակի մեծանալ, պատերազմն անխուսափելի կլինի: Եվ ուրեմն՝ այն կանխելու համար ավելորդ չեն նաև երրորդ կողմերի միջնորդությունները: Հռոմի պապը լրագրողների ներկայությամբ Վաշինգտոնին ու Փհենյանին կոչ է արել չհրաժարվել միջնորդական ջանքերից՝ հանուն աղետի կանխման: 
 
Ու մինչ աշխարհի կաթոլիկների առաջնորդը զգուշացնում է ինքնասպանության տանող ատոմային մրցավազքի մասին, իսլամական աշխարհում միջուկային հեռանկարներ է գծում Սաուդյան Արաբիան: ԱՄՆ-ի մեծագույն բարեկամ այս բռնատիրական երկրում ծրագրում են ուրան արդյունահանել՝ ատոմային էներգիա ստանալու նպատակով: «Ռոյթերսը» փոխանցել է, թե Էր Ռիադը դա դիտարկում է որպես ինքնաբավ դառնալու կարևոր քայլ՝ ատոմային վառելիքի արտադրության ոլորտում: 
 
Միայն թե Սաուդյան Արաբիայի ուրանային ծրագրերը ներկայացնող պաշտոնյան չի հստակեցրել՝ ռադիոակտիվ հանքանյութը հարստացնելու ծրագրեր ունե՞ն արդյոք: Իսկ հարստացված ուրանը հնարավորություն է տալիս այն օգտագործել նաև ռազմական նպատակներով: Պաշտոնյան միայն ասել է, որ իր երկրի ցանկությունն է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով, որպեսզի ավելի բազմազան դարձնի էներգամատակարարման ոլորտը: Ուստի նախատեսվում է ատոմակայաններ կառուցել։
 
Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելը, ինչ խոսք, դրական երևույթ է: Սակայն երաշխիք չկա, որ ռազմատենչ պետությունները դրա հենքի վրա ատոմային մարտագլխիկներ չեն ստեղծի ու ԱՄՆ-ի օրինակով չեն հայտարարի, թե «դեպի համաշխարհային խաղաղություն տանող գլխավոր ուժը» հենց իրենց միջուկային զինանոցն է: