ԻՊ-ի համար կռված թուրքերը տուն են վերադառնում

ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՆՔ

Ջիհադին ծառայեյու նպատակով ժամանակին գործ, տունուտեղ, հայրենիք թողած ԻՊ-կանները, «անգործ» մնալով, սկսել են տուն վերադառնալ: Նրանցից ոմանք էլ (ինչպես «Ավանգարդն» արդեն գրել է), փորձում են կենտրոնանալ նոր վայրերում ու շարունակել իրենց հանցավոր գործունեությունը: 
 
Սիրիայում և Իրաքում դիրքերը զիջելով՝ 900 թուրք ջիհադական վերջերս անագել անցել է Թուրքիայի սահմանը և ապաստանել այնտեղ: Այդ մասին տեղեկացրել է demokrathaber.org-ը՝ հիմք ընդունելով Soufan Center-ի պատրաստած զեկույցը:
 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «հաղթարշավի» ընթացքում աշխարհի 110 երկրից մոտ 40 000 օտարերկրացի ջիհադական է նրան միացել: Թուրքիան ամենաշատ ահաբեկիչ «արտահանած» երկրների թվում 7-րդն է: Հենց միայն 7200 մարդ ձերբակալվել է կասկածանքով, թե Թուրքիայի սահմանը հատում է ԻՊ-ին միանալու մտադրությամբ: Իսկ եթե նկատի ունենանք, որ ուրիշ երկրներից եկածների համար նույնպես ԻՊ-ին  միանալու ամենահարմար «անցուղին» Թուրքիան էր համարվում, ապա ջիհադականներ մատակարարելու գործում այդ երկրի դերն ավելի պարզ կլինի: 
 
Իհարկե, Թուրքիան նույնպես ահաբեկչական հարձակումներից զերծ չի մնացել: ԻՊ-ն այնտեղ 14 հարձակում է իրականացրել, ևս 22-ն էլ կանխել են իշխանությունները: Իսկ սա նշանակում է, որ ահաբեկիչների համար բարեկամ ու թշնամի չկա՝ նրանց գործն ահաբեկելն ու սպանելն է, նրանք էլ դա են անում: 
 
Թուրքիա վերադարձած 900 ջիհադականը, անկասկած է, պարտությունից կատաղած են ու վրեժխնդիր: Դժվար թե նրանք տուն են վերադարձել, որպեսզի խաղաղ աշխատեն ու երեխաներ մեծացնեն: Նրանք իրենց դեռ ցույց կտան: 
 
Ջիհադականները, այո, վերադառնում են նախկինում իրենց ապրած երկրները: Դրանցից առնվազն երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մեր անմիջական սահմանին են ու մեր նկատմամբ բացահայտորեն թշնամաբար տրամադրված: «Հայրենադարձված» ԻՊ-ականներն արդեն իսկ այս երկրներում որոշակի ահաբեկչական գործողություններ իրականացրել են ու իշխանությունների համար գլխացավանք դարձել: 
 
Անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք: Որովհետև տարածաշրջանում այնպիսի բաներ են կատարվում, որ դժվար է կանխատեսել, թե վաղը ինչ իրավիճակ կառաջանա մեր սահմաններին: Իսկ որ մեր հարևան պետությունները կփորձեն այդ ահաբեկիչներին մեր դեմ օգտագործել՝ ոչ մի կասկած: