Կա՞ բացարձակապես ինքնիշխան պետություն

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը ռուսական լրատվամիջոցին ասել է, թե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները փոխելու համար իր երկիրը բավականաչափ ինքնիշխանություն չունի:   
 
Խորհրդրանական «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության ղեկավար Հանս Յորգ Մյուլլերը ՏԱՍՍ-ի մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է՝ կիրառվող սահմանափակող միջոցառումները վնասում են առաջին հերթին Եվրոպային, որն արդեն իսկ 100 մլրդ եվրոյի վնաս է կրել: Մամուլի ասուլիսը նվիրված է եղել հակառուսաստանյան պատժամիջոցների ներգործությանը ԵՄ երկրների վրա և ռուս-գերմանական հարաբերությունների զարգացմանը: 
 
- Ակնհայտ է, որ Գերմանիայում մենք բավականաչափ ինքնիշխան չենք, որպեսզի ինքնուրույն կերպով չեղարկենք պատժամիջոցները, որոնք առաջին հերթին մեզ են վնասում: Այսինքն, Գերմանիայի ինքնիշխանության հարցը, բնականաբար, պատժամիջոցմների գլխավոր բաղադրիչն է: Այդ պատժամիջոցները մեզ՝ եվրոպացիներիս, պարտադրվել են,-բառացիորեն ասել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը: 
 
Մյուլլերի ներկայացրած հաշվարկով՝ եթե ՌԴ-ն այդ պատժամիջոցներից ընդամենը 50 մլրդ եվրոյի վնաս է կրել, ապա Եվրոպան՝ կրկնակի մեծ: Իսկ այդ վնասի ամենամեծ բաժինը հենց Գերմանիային է հասել՝ որպես ԵՄ պետություններից ՌԴ-ի հետ ամենասերտ տնտեսական կապերն ունեցող երկիր: Գերմանիան հենց միայն 500 հազար աշխատատեղ է կորցրել:  
 
Քաղաքական գործիչը նաև նշել է, թե Գերմանիայի իշխանություններն ինքնիշխանության հարցը քննարկել չեն սիրում և պնդում են, թե այն առկա է: Բայց եթե չեն կարողանում վերացնել իրենց երկիրը վնասող պատժամիջոցները, նշանակում է ինչ-որ բան այն չէ:
 
Պետությունների ինքնիշխանության հարցը, թվում է, միանշանակ է: Առկա են որոշակի տարածք ու բնակչություն, պետության խորհրդանիշներ և ճանաչում, ուրեմն կա ինքնիշխանություն: Բայց եթե ինքնիշխանություն ասելով՝ հասկանում ենք ինքնուրույն քաղաքականություն վարելը, ապա աշխարհում քանի՞ այդպիսի պետություն կա: Եթե տվյալ երկրի վարած քաղաքականությունը երկրորդ կողմը չի թելադրում, ապա հաճախ թելադրողը լինում է ներսից՝ լինի կլանային իշխանություն, լվացած ուղեղներով ընդդիմություն, իրասածի նախագահ կամ մեկ այլ ուժ: Ավելի ճիշտ է, թերևս, խոսել յուրաքանչյուր առանձին երկրի ինքնիշխանության մակարդակի մասին: 
 
Այսօր Գերմանիային ցավ է պատճառում, որ իր ինքնիշխանությունը սահմանափակ է: Ինքնիշխանության սղությունից մենք՝ հայերս, նույնպես անընդհատ բողոքում ենք: Բայց քանի որ սա ընդհանուր ցավ է, գուցե նվնվալու փոխարեն սկսենք իրավիճակն ավելի սթափ գնահատել ու ըստ ա՞յդմ գործենք: