Ի՞նչ զենքեր են թողել ԻՊ-ականները

ՍԻՐԻԱՅԻ ԶԻՆՈՒԺԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀՍԿԱ ԶԻՆԱՊԱՀԵՍՏ Է ԳՐԱՎԵԼ

Մեյադինում մասնավորապես եղել են բրիտանական արտադրության 155 մմ-անոց հաուբիցներ՝ պատրաստված 2011թ., իսկ  Սուհեյլը նշել է.
 
- Մենք առգրավել ենք ԱՄՆ-ի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի արտադրության զենքերի նորագույն նմուշներ, որոնք ներառված են ՆԱՏՕ-ի երկրների զինանոցներում:
 
Այսօր լուր է տարածվել, որ Սիրիայի կառավարության ուժերը ռուսական զինուժի աջակցությամբ Մեյադին քաղաքն ազատագրելով՝ այնտեղ հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զենքի ու զրահատեխնիկայի խոշորագույն պահեստը: Լուրն ինքնին այնքան մեծ նշանակություն չէր ունենա, եթե այնուհետև չհրապարակվեին զինատեսակների ծագման երկրները: Պարզվում է՝ դրանց մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրանք է և արտադրվել է վերջերս:
 
Սիրիայի Արևելքում գտնվող Մեյադինը Դեյր Զորի վարչական կենտրոնից 40 կմ հարավ արևելք է: Այն տեղադրված է Հալեպը Իրաքին սահմանակից Աբու-Քեմալ  քաղաքի հետ կապող գլխավոր մայրուղու երկայնքով: Մինչև վերջերս ԻՊ-ի մայրաքաղաքի համբավ ուներ, քանի որ արևելքում ահաբեկիչների ամենաամրացված շրջանն էր:
 
Իրադրությունների վայրից ՏԱՍՍ-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ Սիրիայի արաբական բանակի գեներալ Հասան Սուհեյլը լրագրողներին տեղեկացրել է հայտնաբերված զինապահեստի պարունակության ու ծավալների մասին.
 
- Մեզ ամենաքիչը վեց օր անհրաժեշտ կլինի, որպեսզի կարողանանք տեղափոխել փախուստ տված ԻՊ գրոհայինների թողած ռազմավարը,- նշել է քաղաքի ազատագրման գործողությունները ղեկավարած զորավարը: 
 
Ասվում է, որ Մեյադինը եղել է զենքի ու զինամթերքի մատակարաման կենտրոն՝ պահեստների և արհեստանոցների շատ լավ կազմակերպված ցանցով: Քաղաքի ազատագրումից հետո Սիրիայի զինուժի համար ռազմական ավար են դարձել հրաձգային և հակատանկային զինատեսակներ, հրետանային համակարգեր ու ռումբեր, ինքնաշեն արկեր, ինչպես նաև տանկեր ու զրահամեքենաներ, որոնք ահաբեկիչները իրանական բանակից էին զավթել: 
 
Սիրիացի զինվորականները լրագրողներին ցույց են տվել արբանյակային կապի միջոցներ, ռադիոտեղորոշման սարքավորումներ, բժշկական սարքեր: Մամուլի ներկայացուցիչներին ուղեկցել են անօդաչուների արտադրամաս. այնտեղ նրանք տեսել են տասնյակ պատրաստի դրոններ, որոնցով գրահայինները հետախուզություն են իրականացրել և օգտագործել ուղիղ նշանառությամբ ռմբահարելու նպատակով:
 
Եվ ամենաուշագրավը՝ ահաբեկիչների այս զինանոցի առյուծի բաժինը կազմում են այնպիսի զենքերը, որոնք օգտագործվում են ՆԱՏՕ-ի երկրների զինանոցներում: 
 
Այն, ինչ ցուցադրվել է Մեյադինում, կարելի է ասել՝ իրեղեն ապացույցներ են:
 
Հետաքրքիր է՝ ՆԱՏՕ-ի երկրները, նրա ղեկավարությունը հարկ կհամարե՞ն, արդյոք, սրան արձագանքել: Այն, որ ԻՊ-ի գրոհայիններն ամենաարդիական զինատեսակներ ու սարքավորումներ են ձեռք բերել՝ ոչ մեկի համար գաղտնիք չէր: Բայց ի՞նչ ճանապարհով են այդ միջոցները հայտնվել նրանց ձեռքին: 
 
Ամենաճիշտը, իհարկե, այն կլինի, որ դրանցից յուրաքանչյուրի՝ ԻՊ-ին հասնելու ճանապարհները մանրազնին քննվեն, և մեղավորները ամենախիստ պատիժներն ստանան: Ու հատկապես այն երկրներն ու նրանց անդամակցության դաշինքները, որոնց արտադրության զենքերը հայտնաբերվել են: Մի բան, որը քիչ հավանական է: Բայց եթե այդպես չլինի, դա ուղղակի խոստովանություն կլինի, որ ահաբեկիչներին զինողները առանձին հանցագործները չեն եղել, այլ…