«Մտածող» սարքերը կկարողանա՞ն գուշակել երկրաշարժերը

Ցանկացած գործիք կամ միջոց կարելի է և՛ բարի նպատակներով օգտագործել, և՛ չար: Արհեստական ինտելեկտն էլ, որը բազմաթիվ մասնագետների տեսանկյունից մարդկության համար կործանարար հեռանկար է բացում, կարող է նաև փրկության օղակ դառնալ: Նայած՝ ով ինչ նպատակներով է այն գործի դնում: 
 
Համարվում է, որ բնական որոշ աղետները կանխել հնարավոր չէ, սակայն մարդիկ կարողանում են դրանց մեծ մասը նախօրոք կանխագուշակել և զգուշանալ: Երկրաշարժն այն աղետների թվում է, որը ճշգրիտ կանխագուշակել մինչև օրս չի հաջողվել: Բայց դա նաև աղետ է, որը կարող է վայրկյանների ընթացքում մի հսկա տարածաշրջան ավերակների վերածել: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ ամբողջ մի քաղաք գետնի տակն է անցել: 
 
(Ի դեպ` ուշագրավ մի պատմություն էլ հայկական Ակոռիի մասին են պատմում, որը փռված է եղել Մասիսի լանջերին: Ասում են՝ գյուղը երկրաշարժի հետևանքով իսպառ անհետացել է, երբ վերջին հայն այնտեղից հարկադրաբար հեռացել է: Նրա հետ անհետ վերացել է նաև միակ բնական աղբյուրը, որը այս զարմանալի լեռան ընդերքից է բխել: Զարմանալի նրանով, որ հավերժական ձյունով ծածկված լինելով հանդերձ՝ իրենից ոչ մի գետի, առվի, աղբյուրի սկիզբ չի տալիս: Ենթադրություններ են արվում, թե բոլոր կենարար  ջրերը ներս են հոսում և ծովանում լեռան ընդերքում):   
 
Ահա ուրեմն ամերիկացի և բրիտանացի երկրաբանները արհեստական ինտելեկտի նոր համակարգ են ստեղծել, որը կարող է երկրաշարժերը կանխատեսել։ GRL ամսագրի տվյալներով՝ նոր սարքը նման հատկություն է ձեռք բերել փորձարարական պայմաններում ստորգետնյա կեղծ ցնցումների վրա «վարժվելով»։
 
Գիտնականները Լոս Ալամոսի ազգային փորձարանում երկրաշարժերի նմանակիչ են ստեղծել, որն կարողանում է ստորգետնյա ցնցումների առաջացման ժամանակ ի հայտ եկող երևույթներն ամբողջովին նմանակել, ինչի շնորհիվ էլ նեյրոցանցը սովորել է «տեսնել» ապագա երկրաշարժերի հետքերը։ 
 
Գիտնականները հույս են հայտնել, որ նման մեթոդները կարելի է կիրառել նաև իրական երկրաշարժների ժամանակ: Առայժմ սարքն իրական տվյալների վերլուծության վարժություն չի անցել, և ստեղծողները մտավախություն ունեն, թե կանխատեսումներն այնքան էլ ճշգրիտ չեն լինի:
 
Մեր օրերում, սակայն, տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում: Այնպես որ՝ հույս կա, թե շուտով հնարավոր կլինի երկրի ընդերքի ցնցումներից առաջ շենք-շինություններից նախօրոք դուրս բերել մարդկանց՝ «մտածող» սարքերի շնորհիվ: Դա շատ է անհրաժեշտ մոլորակի երկրաշարժավտանգ գոտիների բնակչությանը: Տարօրինակ կերպով՝ վաղնջական ժամանակներից մարդկությունն ամենախիտը բնակեցրել է հենց նման վայրերը, ու դրանցից մեկն էլ Հայաստան աշխարհն է: